Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 52 հազար 600 անձ դրամական աջակցություն է ստացել
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 52 հազար 600 անձ դրամական աջակցություն է ստացել:
Այս մասին հոկտեմբերի 9-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:
Նա հիշեցրեց, որ առաջին փոխանցումները սկսել են նախորդ ուրբաթ: Անդրադառնալով անչափահասներին՝ Խաչատրյանն ասաց՝ նրանց դիմումների ընդունման գործընթացը սկսվել է հոկտեմբերի 7-ից:
«Դիմումների ընդունման պահից սկսած մինչև հոկտեմբերի 9-ի ժամը 15:00-ն 17 հազար 139 անչափահասի դիմում ենք ստացել»,-շեշտեց նա:
Խաչատրյանի խոսքով՝ դիմումների բավարարվածության չափը 1005 է, այսինքն՝ 1005-ի դիմումի վերաբերյալ նույնականացում է իրականացվել, 306-ը մերժվել է, 15 հազար 828-ը մշակման փուլում է: Մշակման գործընթացը կավարտվի մեկ կամ երկու օրվա ընթացքում: Փոխանցումները կկատարվեն հոկտեմբերի 13-ին:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ: