Վրաստանը նախատեսում է ավելի քան 500 միլիոն դոլարով ավելացնել ուժային կառուցների, առողջապահության և կրթության գերատեսչությունների բյուջեն
Վրաստանի խորհրդարանն սկսել է քննարկել 2024 թվականի բյուջեի նախագիծը, որի համաձայն՝ Պաշտպանության նախարարության, Ներքին գործերի նախարարության և Պետական անվտանգության ծառայության ֆինանսավորումը կավելանա 239 միլիոն լարիով (մոտ 90 միլիոն դոլար)։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով օրենսդիր մարմնի կողմից հրապարակված բյուջեի նախագիծը։
Վրաստանի պաշտպանության նախարարության բյուջեն 2024 թվականին կկազմի 1,370 միլիարդ լարի (513 միլիոն դոլար), ինչը 110 միլիոն լարիով (42 միլիոն դոլար) ավելի է, քան 2023 թվականին։ Հաջորդ տարի իշխանությունները որոշել են Ներքին գործերի նախարարությանը միջոցներ հատկացնել 1,210 միլիարդ լարիի (453 միլիոն դոլար) չափով, ինչը 104 միլիոն լարիով (39 միլիոն դոլար) ավելի է 2023 թվականի ցուցանիշից։ Վրաստանի պետական անվտանգության ծառայության բյուջեն հաջորդ տարի կկազմի 205 մլն լարի (77 մլն դոլար)։ Դա 25 մլն լարիով (9,3 մլն դոլար) ավելի է 2023 թվականի բյուջեից։
2024 թվականին Վրաստանի կառավարության հիմնական առաջնահերթությունները կմնան առողջապահությունը, սոցիալական ծախսերը և կրթությունը։ Հաջորդ տարի Առողջապահության նախարարության ֆինանսավորումը կկազմի 7,735 միլիարդ լարի (2,8 միլիարդ դոլար), ինչը 877 միլիոն լարիով (328 միլիոն դոլար) ավելի է ընթացիկ ցուցանիշներից։ Վրաստանի կրթության և գիտության նախարարության բյուջեն 2024 թվականին կկազմի 2,340 միլիարդ լարի (876 միլիոն դոլար): Այս ցուցանիշը 309 մլն լարիով (116 մլն դոլար) կգերազանցի 2023 թվականի տվյալները։
Հաջորդ տարի Վրաստանի կառավարությունը նախատեսում է 50 լարիով (19 դոլար) բարձրացնել 70 տարեկանից բարձր անձանց կենսաթոշակները։ Այն ամսական կկազմի 415 լարի (155 դոլար): 70 տարեկանից բարձր և երկրի բարձր լեռնային շրջաններում բնակվող անձանց ամսական կենսաթոշակը կկազմի մինչև 500 լարի (187 դոլար): Մինչև 70 տարեկան անձանց կենսաթոշակը կավելանա 20 լարիով (7,5 դոլար) և կկազմի 315 լարի (118 դոլար), իսկ բարձր լեռնային շրջաններում ապրող նույն անձինք ամսական կարող են ստանալ 380 լարի (142 դոլար) կենսաթոշակ: