Ադրբեջանի կողմից առաջ քաշվող անկլավների թեման իրավական որևէ հիմք չունի. քարտեզագետ
Ադրբեջանն իր անկախության հռչակագրի երկրորդ հոդվածի մեջ նշել է, որ իրավահաջորդն է 1918-20 թվականների Ադրբեջանի, իսկ այդ տարիներին անկլավներ գոյություն չեն ունեցել, հետևաբար Ադրբեջանը պետք է չվավերացված և կեղծ քարտեզները հավաքի և վերադարձնի նախկին ԽՍՀՄ ռազմական շտաբ, որի իրավահաջորդն այժմ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունն է։
Այդ մասին «Մեդիա կենտրոն» հարթակում կազմակերպված «Անկլավներ. ի՞նչ են ասում քարտեզները» խորագրով քննարկման ժամանակ ասաց աշխարհագրագետ, քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալիչյանը։
Նշենք, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ հանդիպմանն ընդառաջ զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ադրբեջանական, ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Միշելի հետ զրույցում Ալիևը նշել է ութ անկլավի մասին, որոնք, ըստ նրա, «օկուպացված են Հայաստանի կողմից, դրանք պետք է ազատագրել»։
Գալիչյանը ցույց տվեց 1926 թվականի ԽՍՀՄ քարտեզը, որը վավերացվել է Ներքին գործերի նախարարության կողմից և որում որևէ անկլավ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքում գոյություն չի ունեցել։ Ավելին՝ այդ քարտեզում ամրագրված ՀԽՍՀ որոշ տարածքներ 1200 քառակուսի կիլոմետր մակերեսով հետագայում փոխանցվել են Ադրբեջանին։ Նույն քարտեզով Հայաստանին Լեռնային Ղարաբաղից բաժանել է միայն Աղավնո գետը։ Հետագայում ադրբեջանցիներին են փոխանցվել հարակից նորանոր տարածքներ։
Գալիչյանը ցույց տվեց նաև 1932 թվականի ԽՍՀՄ քարտեզը, որի համաձայն՝ երկու երկրներում նույնպես անկլավներ չեն եղել։ Դրանք ի հայտ են եկել 1940 թվականի քարտեզում՝ երկուսը Տավուշում, մյուսն Արարատի մարզում, ինչպես նաև Արծվաշենն Ադրբեջանի կազմում։ Թեև այդ անկլավները գծագրվել են, սակայն դրանց վերաբերյալ որևէ փաստաթուղթ գոյություն չունի, այսինքն՝ դրանց ամրագրումն ապացուցող իրավական հիմք չկա նաև մեր արխիվներում։ Չնայած այդ հանգամանքին՝ Ադրբեջանը 2014 թվականին հրապարակել է ատլաս, որում իր կազմի մեջ ներառել է ՀՀ տարածքում գտնվող անկլավները, սակայն որևէ նշում արված չէ Արծվաշենի վերաբերյալ։
«Ադրբեջանի ԱԳՆ-ն երկու տարի առաջ հայտարարեց, որ եթե Հայաստանը պնդում է, որ անկլավներն իր տարածքներն են, ապա պետք է պաշտոնական փաստաթուղթ ներկայացնի։ Բայց դա, ըստ էության, հակառակ մոտեցում է, քանի որ տվյալ տարածքները ՀՀ ներսում են, հետևաբար Հայաստանինն են։ Իսկ եթե Ադրբեջանը որևէ հավակնություն ունի նշված տարածքների նկատմամբ, ապա հենց ինքը պետք է ներկայացնի իրավական հիմքեր, որոնք, ըստ էության, գոյություն չունեն։ Ի դեպ, մեր տարածքում գտնվող երեք անկլավների ընդհանուր մակերեսը կազմում է 45 քառակուսի կիլոմետրը, մինչդեռ միայն Արծվաշենի տարածքը 44 քառակուսի կիլոմետր է։ Երկու տարի առաջ անդրադառնալով անկլավների թեմային վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց դրանց փոխանակման մասին, ինչը խնդրի լուծման ամենահեշտ ճանապարհն է»,- ասաց քարտեզագետը։
Ալիևը հայտարարել է, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, սակայն տարածքի մակերեսի հետ կապված որևէ ստույգ թիվ չի հնչեցրել։ Նա ասում է, որ եթե Հայաստանը չի գալիս մանրակրկիտ սահմանագծման ու սահմանազատման, ապա իրենք այն տարածքները, որտեղ կանգնած են ադրբեջանցի զինվորականները, կհամարեն իրենց սահմանները։ Եթե Ալիևը ցանկություն ունի որևէ պայմանագիր կնքել, ապա առաջին հերթին, Գալիչյանի պնդմամբ, պետք է վերադարձնի 2021 թվականից մինչ օրս Հայաստանից գրաված տարածքները, որոնք կազմում են շուրջ 240 քառակուսի կիլոմետր և հիմնականում ռազմավարական նշանակության բարձունքներ են։
Գալիչյանը հիշեցրեց, որ ըստ ԽՍՀՄ-ի ռազմական շտաբի քարտեզները Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ վավերացվել են դեռևս 1960-70-ական թվականներին, որոնց հիման վրա էլ 1991 թվականին ընդունվել է Ալմա-Աթայի հռչակագիրը։ Ադրբեջանցիներն այժմ առաջադրում են այնպիսի քարտեզներ, որոնցում Սև լճի և Իշխանասարի հատվածներն ընդգրկված են Ադրբեջանի կազմում։ Այդ կեղծված քարտեզներն Ադրբեջանը բաժանել է սահմաններին կանգնած իր զինվորներին ու սահմանապահներին։ Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ տարածքն ընդգրկում է 29800 քառակուսի կիլոմետր, նշանակում է, որ ներառվում են նաև Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները, որոնք, ի դեպ, Ադրբեջանը 1991 թվականի հռչակագրով արդեն իսկ ճանաչել է որպես ՀՀ սուվերեն տարածք։
«Եթե ադրբեջանական կողմը դուրս չի գալիս մեր երկրի ինքնիշխան տարածքի առանձին հատվածներից, ապա ինչպես կարող ենք գնալ բանակցությունների։ Ադրբեջանի հեռահար նպատակները պարզ են։ Եթե նրանք ՀՀ տարածքում ունենան անկլավներ, ապա ապագայում կպահանջեն նաև միջանցք, որպեսզի ցամաքային կապ ունենան անկլավների հետ, ինչը նույն դերակատարումն է ունենալու, ինչ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Մյուս կողմից պարզ տեսանելի է, որ ադրբեջանական անկլավները ՀՀ տարածքում գտնվում են ռազմավարական նշանակություն ունեցող մայրուղիների վրա, ու եթե դրանք միջանցքներով միացվեն Ադրբեջանին, ապա Հայաստանը ուղիղ կապ չի ունենա իր հարավային մարզերի հետ, իսկ հյուսիսում էլ կտրվելու է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհը։ Ադրբեջանը խոսում է ուժի տեսանկյունից և ակնարկում այդ տարածքներին տիրանալու մասին։ Եթե Հայաստանը զիջումների գնա, դրանից Ադրբեջանի ախորժակն ավելի է բացվելու, և մեր հարևանը երբեք կանգ չի առնելու, հետևաբար ուժին հնարավոր է դիմակայել միայն հակադարձ ուժի ցուցադրմամբ։ Մենք պետք է արագ վերականգնենք մեր զինված ուժերը, որպեսզի ապագայում կարողանանք արդյունավետորեն պաշտպանել մեր սուվերեն տարածքները»,- ասաց բանախոսը։