«Ադրբեջանն այդպիսով փորձում է պատժել այն անձանց, որոնք խորհրդանշանական են եղել Արցախի պետականության համար». Սիրանուշ Սահակյան

Ադրբեջանի կողմից Արցախի երեք նախագահների կալանավորումը քաղաքական ենթատեքստ ունի։ Այսօր Մեդիա-կենտրոնում կազմակերպված՝ «Ի՞նչ իրավական հեռանկար ունեն Արցախի պաշտոնյաների ձերբակալությունները» թեմայով ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Միզազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը ձերբակալել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։ ՀՀ–ն ՄԻԵԴ է դիմել, որպեսզի դատարանը Բաքվին պարտավորեցնի անհապաղ ազատել ԼՂ նախկին և ներկա ղեկավարներին։

«Հանցագործության բացահայտման իրավական մեխանիզմներն Ադրբեջանի կողմից օգտագործվել են ուժի ցուցադրության նպատակով։ Ադրբեջանն այդպիսով փորձում է պատժել այն անձանց, որոնք խորհրդանշանական են եղել Արցախի պետականության համար, օրինակ` նախագահներն այդպիսի դեր ունեին, քանի որ նրանք են ապահովել համախմբումն ու պայքարը հանուն Արցախի ինքնորոշման։ Դա նաև վերաբերում է հայանպաստ գործիչներին ու ռազմական գործիչներին»,- ընդգծեց Սահակյանը։

Ըստ նրա՝ Ադրբեջանի պատժիչ գործողությունները ցուցադրական են, նպատակը նաև հոգեբանական առավելություններ ձեռք բերելն է ու երկարաժամկետ էֆեկտներից օգտվելը։

«Չճանաչված պետության մեջ պաշտոն զբաղեցնելը թույլատրելի գործողություն է, և մենք նախադեպեր չունենք, որ չճանաչված պետության ղեկավարները պատասխանատվության կանչվեն այդ պետությունը ղեկավարելու համար։ Արցախի Հանրապետությունը միջազգային ռեգիստրներում երբեք չի որակվել` որպես ահաբեկչական կազմավորում, իսկ այն ղեկավարած անձինք չեն ներառվել ահաբեկիչների ցանկում։ Ըստ այդմ` ձերբակալություններն ապօրինի են ու Արցախի պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերը` շինծու»,- ասաց Սահակյանը։

Արցախի պաշտոնյաներին առաջադրված մեղադրանքը, նրա համոզմամբ, կարող էր լինել քրեական օրենսգրքի ցանկացած հոդվածով, ու քանի որ Ադրբեջանը միջազգային հարթակներում ունի հեղինակություն, քաղաքական դրդապատճառներով կարող է հալածել ցանկացած անձի։

Սիրանուշ Սահակյանը հիշեցրեց, որ ՄԻԵԴ 27 գործերից 11-ը կայացվել է Ադրբեջանի դեմ` քաղաքական դրդապատճառներով հալածանքների համար։ Սա, ըստ նրա, նշանակում է, որ Ադրբեջանը քաղաքական դրդապատճառներով քրեական գործեր կարելու և հասարակությանը մատուցելու ձևավորված պրակտիկա և պատմություն ունի։

Տեսանյութեր

Լրահոս