Սերժ Սարգսյանի օրոք հայտնվեցին դատավորներ,որոնց համար մեկ էր դատախազի և վճռաբեկի կարծիքը. փաստաբաններ
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրին՝ երկուշաբթի օրը սկսվում է Արմեն Աշոտյանի գործով դատական վարույթը:
Հիշեցնենք՝ ՀՀԿ փոխնախագահը մեղադրվում է իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փողերի վատնում, փողերի լվացում կատարելու մեջ: Նա կալանավորված է։
Ռուբեն Մելիքյանն ասաց, որ 30-ից ավելի հատոր գործին ծանոթանալու ընթացքում նկատել են՝ անձամբ Արմեն Աշոտյանի նկատմամբ իրականացվել է տոտալ անձնական կյանքի սահմանափակման գործառույթ. գործ ունենք դասական քաղաքական հետապնդման հետ:
168.am-ը փաստաբաններից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ միջազգային կառույցները նախկին ակտիվությամբ չեն անդրադառնում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին, և ինչպե՞ս կգնահատեն մինչև 2018 թվականը և դրանից հետո դատական համակարգի վիճակը՝ հաշվի առնելով, որ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին մեկնարկել էին իրավապահ համակարգի, մասնավորապես, դատական համակարգի ռեֆորմներ:
«Միջազգային իրավունքը, առհասարակ, թույլ պետությունների համար է. ցանկացած իրավունք, եթե չունի հարկադրանքի ուժ, իրավունք չէ, չի գործում: Միջազգային կառույցները երեսպաշտ են, կոռումպացված և ունեն իրենց քաղաքական նպատակները: Համոզված եմ նաև, որ քաղաքականացված է ՄԻԵԴ-ը:
Պետք չի հավատալ միջազգային կառույցներին. իրենց աչքի առաջ կա քաղաքական բանտարկյալ. ո՞ւր են են այդ «Ամնեսթի Ինթերնեշնլը», «Հյուման Րայթս Վոթչ» կազմակերպությունները, չկան. չունեն հանձնարարություն՝ չեն աշխատում: Ակնհայտ է, որ հակառուսական ընդհանուր քաղաքականության մեջ կապիտուլյանտը գտել է իր դերը, ստացել է քարտ-բլանշ՝ ինչ ուզի՝ կանի, ոնց ուզի՝ կանի»,- ի պատասխան՝ նշեց Տիգրան Աթանեսյանը:
Նա վստահեցրեց՝ վերջին երկու տարում հատկապես դատական համակարգն ամբողջական հսկողության տակ է վերցված. գոյություն չունի:
«Սերժ Սարգսյանի օրոք, որպես այդ ժամանակ էլ ընդդիմադիր փաստաբան, նշեմ, մենք ունեցանք դատավորներ, որոնք չեն ենթարկվում դատախազությանը:
Անկախ դատական համակարգ ՀՀ-ում անհնար է ստեղծել, դա միֆ է, դա խաբում են, բայց ունենալ ինքնուրույն դատավորներ, որոնք ունեն սեփական կարծիք և կարող են պնդել այն, դա եղավ Սերժ Սարգսյանի օրոք:
Դա չի եղել Տեր-Պետրոսյանի օրոք, զրոյական էր Քոչարյանի օրոք. Սերժ Սարգսյանի օրոք հայտնվեցին դատավորներ, որոնց համար մեկ էր Վճռաբեկի կարծիքը, դատախազության կարծիքը. իրենք անում էին իրենց գործը և անում էին հօգուտ մարդու և առանց կաշառքի: Դա հայ ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ էր, և դա սպանվեց այս իշխանությունների օրոք»,- հավելեց նա:
Ռուբեն Մելիքյանը նկատեց, որ եվրոպական կառույցները պատրանք էին ստեղծել, թե օբյեկտիվ և անկողմնակալ կառույցներ են, արձագանքում են ցանկացած իշխանության դեպքում նույնական բնույթի խախտումներին:
«Իհարկե, դա այդպես չէր, և 2019 թվականին արդեն դա ակնհայտ էր ՍԴ այս խայտառակ գործընթացների ժամանակ,- նշեց նա՝ նկատելով, որ այդ լռությունն ինչ-որ բանի դիմաց է,- Հիմա մենք տեսնում ենք՝ ինչի դիմաց. Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու դիմաց, Հայաստանը թուրքական քաղաքական տիրույթ փոխանցելու դիմաց, մեր ազգային շահերը ոտնահարելու դիմաց:
Այսինքն՝ ակնկալել, որ մենք կունենանք շատ արդյունավետ, գործուն աջակցություն եվրոպական կառույցներից, չենք կարող: Բայց դրա հետ մեկտեղ՝ մենք պետք է արձանագրենք, որ որոշակի արձագանքներ, այդուհանդերձ, լինում են. ընդգծեմ, որ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը սևով սպիտակի վրա իր սեպտեմբերի սկզբի քաղաքական ասամբլեայի բանաձևում նշել է, որ պահանջում է ազատ արձակել Արմեն Աշոտյանին և մյուս քաղբանտարկյալներին»:
Մանրամասները՝ տեսանյութում