
Բաքուն ու Թեհրանը Ադրբեջանն ու Իրանը միացնող կամուրջ են կառուցում Արաքս գետի վրա

Զանգիլանի շրջանի Աղբանդ գյուղում տեղի է ունեցել Արաքս գետի վրայով Ադրբեջանից Իրան տանող ճանապարհային կամրջի հիմնարկեքի արարողությունը։
«Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ նախագիծն իրականացվում է երկու երկրների պետական միջոցներով։ Հաղորդվում է, որ կամրջի կառուցմանը զուգահեռ կստեղծվեն սահմանային և մաքսային ենթակառուցվածքներ։
Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ հիմնարկեքի արարողությանը մասնակցել են երկու երկրների պաշտոնյաներ՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի գլխավորությամբ։
«Նրանք իրենց ելույթներում նշել են, որ ստեղծված ավտոմոբիլային և սահմանային-մաքսային ենթակառուցվածքները կծառայեն բեռնափոխադրումների ավելացմանը և Նախիջևանի ինքնավար հանրապետություն մուտքն ու ելքը դյուրացնելուն»,- ըստ «Ազատության»՝ փոխանցում է «Թուրանը»։