ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաքելություն կուղարկի Երևան՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար
Հայաստանի խնդրանքով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջիկա օրերին շտապ առաքելություն կուղարկի Երևան՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին կրթական աջակցություն ցույց տալու նպատակով:
Աջակցությունն ուղղված կլինի կրթության շարունակականության ապահովմանն ու տեղահանված ուսանողներին հոգեսոցիալական օգնության տրամադրմանը:
Այս մասին հաղորդագրություն է տարածել «ՅՈՒՆԵՍԿՕ»-ն
Տեքստում ասվում է, որ վերջին օրերին ավելի քան 100 հազար մարդ է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել՝ գալով Հայաստան։ Նրանց՝ մոտ մեկ երրորդը երեխաներ ու դեռահասներ են։
«Երկուշաբթի՝ հոկտեմբերի 2-ին, Հայաստանը պաշտոնապես դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ կրթության ոլորտում կազմակերպության մանդատի շրջանակներում աջակցելու բնակչության այս խմբերին օգնություն ստանալու և տրամադրելու հարցում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն անմիջապես արձագանքեց այս խնդրանքին: Առաջիկա օրերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փորձագետների թիմ կուղարկի Երևան՝ ազգային իշխանությունների հետ համատեղ գործողությունների ծրագրի շուրջ աշխատելու և տեղահանված ուսանողների կրթության շարունակականությունն ապահովելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ գործողությունների ծրագիրն ուղղված է լինելու համապատասխան ուսումնական միջավայրերի ստեղծմանը, վերականգնման ծրագրերի հասանելիությանը և հոգեբանական աջակցությանը, որը կօգնի ուսանողներին հաղթահարել դժվար իրավիճակները:
Տեքստում շեշտվում է, որ մոտ ապագայում ՅՈՒՆԵՍԿՕ-ն նաև նախատեսում է կրթության ոլորտում միջազգային գործընկերների և դոնորների մասնակցությամբ հանդիպում կազմակերպել՝ ապահովելու նրանց աջակցությունը, այդ թվում՝ ֆինանսական աջակցություն այս կրթական նախաձեռնությունների իրականացման համար։