
Արևմուտքը չի հարգում իր իսկ արժեքները. Մարուքյան

Խուսափելով իրերն իրենց անուններով կոչելուց և Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ դատապարտելուց` Արևմուտքը չի հարգում իր իսկ արժեքները, իր իսկ չափանիշները և ինքն իրեն։ Այս մասին իր X-ի էջում գրել է հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Մեր արևմտյան գործընկերները խուսափում են հստակ և շիտակ ձևակերպումներից, կարծես թե Ադրբեջանին իրենց հարթակներում պահելու համար, բայց, ի վերջո, Ադրբեջանն իրեն ավելի անկաշկանդ և անպատիժ է զգում ՝ հրաժարվելով մասնակցել ճգնաժամի հարցով նախապես ծրագրված հնգակողմ հանդիպմանը, որը պետք է տեղի ունենա վաղը Գրենադայում (Իսպանիա)»,– գրել է նա:
Մարուքյանը կարծում է, որ Արևմուտքը պետք է դասեր քաղի իր «մեղմ» ելույթներից և համապատասխան միջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ ՝ նրա կատարած հանցագործությունների համար։