Մենք չեղյալ չենք հայտարարել հոկտեմբերի 5-ի հանդիպումն ու գնալու ենք Գրանադա. Նիկոլ Փաշինյան

«Մենք մինչև վերջին պահն ու անգամ այսօր հաստատել ենք Գրանադա այցելությունը: Ընդ որում՝ շատ կառուցողական ու լավատես էինք տրամադրված, որովհետև կարծում էինք, որ շրջադարձային նշանակության փաստաթուղթը ստորագրելու մեծ հնարավորություն կար»,- ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Շրջադարձային նշանակության փաստաթուղթն այն փաստաթուղթն է, որը խամաճիկային ընդդիմությունն ամեն ինչ անում էր, որպեսզի ներկայացվի՝ որպես կործանարար փաստաթուղթ: Հիմա, քանի որ չստացվեց, Հայաստանը խամաճիկային ճնշումների չենթարկվեց, հստակ, տրամաբանված, կառուցողական դիրքորոշում արտահայտեց, իր տեսակետները հասկանալի դարձրեց, և հասկանալիորեն էլ օդանավակայանի ճանապարհը որևէ մեկը չի կարող փակել՝ պարզվեց, որ նախատեսված հանդիպումը չի կայանում ամենևին ո՛չ մեր մեղքով»,- ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ իրենք չեղյալ չեն հայտարարել հանդիպումն ու պատրաստվում են անպայման մեկնել Գրանադա ու «դետալացված ձևով ներկայացնել իրենց դիրքորոշումները»:

«Իհարկե, ցավում ենք, որ հանդիպումը տեղի չունեցավ, բայց հույս ունենք, որ այն հայեցակարգային փաստաթուղթը, որը դրված է սեղանին, հարմար պահի կստորագրվի: Ես պատրաստ եմ ստորագրել այդ պայմանագիրն ու շատ ցավում եմ, որ վաղն առիթ չեմ ունենալու հայտարարելու, որ շատ կարևոր այդ որոշումը կայացվեց»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Փաշինյանը նաև հայտարարեց, որ չի կարող պնդել, թե, այսպես կոչված, «խաղաղության փաստաթուղթը», որը պետք է ստորագրվեր, հակասում է Ադրբեջանի շահերին ու լիարժեքորեն ներկայացնում է հայկական շահը:

«Կարծում եմ, որ այդ փաստաթուղթը համապատասխանում է տարածաշրջանի խաղաղության և կայունության շահերին: Եթե որևէ փաստաթուղթ հավասարակշռված չլինի, ապա որևէ մեկը չի ստորագրի դա ու որևէ մեկը չի կարող ստիպել անել դա: Այլ բան է, որ կան ուժեր, որոնք տեսնում են, որ Հայաստանի սահմանների թիկունքում կան շատ մարգինալացված, բայց այնուամենայնիվ, խամաճիկային ուժեր, և նրանց կարելի է օգտագործել՝ Հայաստանի շահերին ի վնաս այդ հավասարակշռությունները կորցնելու համար: Կարծում եմ, որ հենց այդ սցենարն էլ իրականացնում են»,- համոզմունք հայտնեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահը հրաժարվել էր Գրանադայում հոկտեմբերի 5-ին նախատեսված հնգակողմ հանդիպումից, որին պետք է մասնակցեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Ալիևը որպես չմասնակցելու պատճառաբանություն՝ ներկայացրել էր փաստը, որ Գերմանիան և Ֆրանսիան մերժել են Ադրբեջանի առաջարկը՝ հանդիպմանը Թուրքիայի նախագահի մասնակցության վերաբերյալ:

Մանրամասները՝ տեսանյութում

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս