Իրանի երկու ուղերձները ռեգիոնին ու Հայաստանին․ ինչի՞ց են անհանգստանում Իրանի իշխանությունները
Հարավային Կովկասում Հայաստանի համար տագնապալի զարգացումների ու կանխատեսումների ֆոնին շարունակվում է ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի այցն Իրանի Իսլամական Հանրապետություն։
Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ, իսկ ավելի վաղ հանդիպումներ է ունեցել՝ ինչպես ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի, այնպես էլ՝ ԻԻՀ Ազգային անվտանգության Գերագույն խորհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանի հետ։
Գրիգորյան-Ռաիսի հանդիպման ընթացքում քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և ընդգծվել, որ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը պետք է հարգվի, իսկ հակամարտությունները՝ լուծվեն երկխոսության միջոցով: Անդրադառնալով հայ-իրանական երկկողմ հարաբերություններին՝ կարևորվել է այդ հարաբերությունների բազմաոլորտ զարգացման շարունակականությունը:
Անդրադառնալով այս այցին՝ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին նշել էր, որ Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցն Իրան տեղի է ունեցել երկու հարևան երկրների միջև բանակցությունների և շփումների շարունակության շրջանակներում՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Կովկասյան տարածաշրջանում զարգացումները։
Պաշտոնյայի խոսքով՝ այս այցը հնարավորություն է, որպեսզի Իսլամական Հանրապետությունն իր տեսակետները հայտնի տարածաշրջանային ներուժի միջոցով Կովկասյան տարածաշրջանում հակամարտությունների լուծման շուրջ։
Քանաանին շեշտել է, որ տարածաշրջանում խաղաղությունն Իրանի համար չափազանց կարևոր է, և բոլոր խնդիրները հարկավոր է լուծել երկխոսության միջոցով։ Ինչ վերաբերում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», Քանաանին հայտնել է, որ Իրանը կողմ է տրանսպորտային ցանցերի զարգացմանը, որը շահավետ կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար, սակայն ևս մեկ անգամ ընդգծել է՝ «երկիրը դեմ է միջազգային և աշխարհաքաղաքական սահմանների փոփոխություններին»։
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին հումանիտար օգնության ուղարկմանը՝ Քանաանին հայտնել է, որ դրա վերաբերյալ մանրամասներ շուտով կհայտնի Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը։
168․am-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Ալի Սալամին ասաց, որ Իրանի հարևանությամբ ակտիվ աշխարհաքաղաքական գործընթացներ են տեղի ունենում, որոնց ակտիվ մասնակցում է Հայաստանի Հանրապետությունը, ուստի նման շփումները կարևոր են, քանի որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի շահեր տարածաշրջանում, և այդ շահերն աշխարհի համար ավելի տեսանելի դարձան 44-օրյա պատերազմից հետո։
Ըստ նրա, Իրանը ռեգիոնին՝ հատկապես Հայաստանին ու Ադրբեջանին, երկու ուղերձ է փոխանցում։
«Առաջինն այն է, որ տարածաշրջանում սահմանները չեն կարող փոխվել, որ ենթակառուցվածքների շուրջ որոշումները պետք է կայացվեն կոնսենսուսային սկզբունքով, Իրանը կիսում է այս հարցում Հայաստանի մոտեցումները ու այստեղ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ունի տարաձայնություններ։
Երկրորդ կարևոր ուղերձը, որն Իրանը փոխանցում է, և Իրանի այդ անհանգստություններն ավելանում են, վերաբերում է Արևմուտքի աճող ազդեցությանը Հարավային Կովկասում, որն ավելի շատ դրսևորվում է հենց Հայաստանի Հանրապետությունում։ Վրաստանում ևս կա, բայց Հայաստանում իրավիճակ է փոխվում։
Միացյալ Նահանգները և Եվրոպական միությունն ավելի մեծացրել են իրենց ազդեցությունը, իսկ հայ-ռուսական հարաբերությունները՝ դրան զուգահեռ, խնդրահարույց են դառնում, նույնիսկ կան կանխատեսումներ, որ այդ հարաբերությունների ներկայիս կարգավիճակը կփոխվի, և Հայաստանը կփոխի իր արտաքին քաղաքական վեկտորը դեպի Ֆրանսիա կամ Միացյալ Նահանգներ։ Բնականաբար, սա չի կարող Իրանին չանհանգստացնել, այս միտումներն օրեցօր են խորանում։ Իրանն ունի անհանգստություններ, թե ինչ զարգացումներ ու աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում իր հարևանությամբ, և Հայաստանն ինչպես կարող է դիրքավորվել ապագայում։ Միևնույն ժամանակ Իրանը հասկանում է, որ Հայաստանի համար ԱՄՆ-ը կամ Ֆրանսիան տարածքային ամբողջականության կոնտեքստում գործընկերներ են, սակայն այդ հարցում նաև Ռուսաստանն է օգտակար խաղացող Հայաստանի համար, թեև ՀՀ-ում հակառուսական տրամադրությունները խորանում են, ու նոր աշխարհաքաղաքական պատկերն Իրանին մտածելու տեղիք է տալիս։
Իրանի համար ավելի նախընտրելի է, որ բոլոր հարցերը, տարաձայնությունները լուծվեն հենց ռեգիոնում 3+3 ձևաչափով, և ռեգիոնում չհայտնվեն նոր ուժեր, որոնց հետ Իրանը լուրջ խնդիրներ ունի։ Ուստի կարելի է ասել, որ այս երկու կարևոր ուղղությամբ են ծավալվում հայ-իրանական շփումներն այս փուլում, ասել, որ ամեն բան հարթ է ընթանում, ինչպես երևում է, սխալ կլինի, սակայն հայ-իրանական բանակցությունները հնարավորինս հասկանալի են, ու շատ հարցերում կողմերն ունեն փոխըմբռնում։ Սակայն Իրանը, ինչպես երևում է, ռեգիոնում և Հայաստանի հետ հարաբերություններում պատրաստ է ավելիին։
Կարծում եմ՝ ՀՀ ցանկության դեպքում այդ ավելին կարող է էապես օգտակար լինել թե Երևանին, թե Թեհրանին»,- ասաց իրանցի վերլուծաբանը։ Նա նշեց, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունները շարունակվելու են Եվրոպայում, այսինքն՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը լուծվելու են հենց այդ գեոպոլիտիկ կենտրոնում։
«Իրանը չի կարող պարզապես կողքից հետևել այս ամենին, հատկապես, երբ կան նաև սպառնալիքներ ՀՀ տարածքային ամբողջականությանը, որն Իրանն ընդունում է նաև սպառնալիքներ իր դեմ։ Բարդ է իրավիճակը, կարևոր են լինելու առաջիկայում Գրանադայում սպասվող բանակցությունները, և, թերևս, ամենակարևոր հարցը, այսպես կոչված, միջանցքի հարցում կողմերի կոնսենսուսն է»,- ասաց նա։