Դուբայ-Միլան չվերթի ընթացքում երեխա է ծնվել
Emirates ընկերության՝ Դուբայից Միլան չվերթի ուղևորուհին թռիչքի ժամանակ ծննդաբերել է։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
Նշվում է, որ ըստ Radio-1 ռադիոընկերության, երբ 24-ամյա կնոջ մոտ սկսվել է ծննդաբերությունը, օդանավի կապիտանը հարցրել է՝ արդյոք բժիշկներ կան ինքնաթիռում։ Պարզվել է, որ ուղևորների թվում եղել է վիրաբույժ, որը մանկաբարձական օգնություն է ցուցաբերել։ 3 կգ քաշով երեխան ծնվել է 10 հազար մ բարձրության վրա՝ Իրանի օդային տարածքում։ Իտալիայի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո կնոջը նորածնի հետ տեղափոխել են հիվանդանոց․ նրանք իրենց լավ են զգում։
Թռիչքների կառավարման մասնագիտացված վարչությունը պարզում է, թե ինչպես են հղիության մեծ ժամկետով կնոջը թողել ինքնաթիռ: Եվրոպական նորմերի համաձայն՝ 27-28 շաբաթական հղիությունից հետո ինքնաթիռով մեկնել հնարավոր է միայն հատուկ բժշկական տեղեկանքի առկայության դեպքում: