ԼՂ-ում տեղի ունեցած վերջին իրադարձություններն Իրանում անհանգստության տեղիք են տվել. իրանագետ

Իրանագետ Ժաննա Վարդանյանի կարծիքով՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցն Իրան տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հայ ազգաբնակչությանն էթնիկ զտման ենթարկելու ֆոնին, հետևաբար, ԼՂ-ում վերջին իրադարձություններն Իրանում անհանգստության տեղիք են տվել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Վարդանյանը նշեց, որ հոկտեմբերի 5-ին նախատեսվող Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հերթական հանդիպումից առաջ իրանական կողմին, բնականաբար, հետաքրքրում են հարևանների դիրքորոշումները, ուստի Գրիգորյանն իրանցի պաշտոնյաներին ներկայացրել է վերջին զարգացումներն ու դրանց վերաբերյալ ՀՀ իշխանության տեսակետները։ Գրիգորյանի այցն Իրան տեղի է ունեցել նաև երկու հարևան երկրների միջև բանակցությունների և շփումների շարունակության շրջանակներում՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների հետագա դինամիկան։

«Իրանի լրատվական ու փորձագիտական շրջանակներում խոսվում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում ծավալված վերջին իրադարձություններից հետո չի բացառվում, որ Ադրբեջանն ու Թուրքիան կթիրախավորեն Սյունիքը, առավել ևս, որ վերջին օրերին Անկարայում և Բաքվում ավելի են ակտիվացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ խոսակցությունները։ Այդուհանդերձ, Իրանը վերջին տարիներին բազմիցս հայտարարել է, որ կողմ է տրանսպորտային ցանցերի զարգացմանը, ինչը շահավետ կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար, սակայն ընդգծել է, որ դեմ է միջազգային և աշխարհաքաղաքական սահմանների փոփոխություններին»,- ասաց իրանագետը։

Պաշտոնական Թեհրանում Թուրքիայի բանագնացներին և բարձրաստիճան պաշտոնատար անձանց արդեն իսկ ասվել է, որ Հայաստանի սահմանների փոփոխությունն Իրանի համար կարմիր գիծ է։ Պատահական չէ, որ բանակցություններում իրանական կողմն առաջարկում է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ցամաքային ճանապարհ բացել իր տարածքով, ինչն, ըստ էության, առաջարկվում է որպես այլընտրանք, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։

«Կարմիր գծերի մասին խոսելիս, իրանը չի սահմանափակվում միայն դիվանագիտական հայտարարություններով։ Վերջին տարիներին Հայաստանի և Ադրբեջանի հետ պետական սահմանի երկայնքով Իրանը պարբերաբար անցկացրել է զորավարժություններ, որոնք նախազգուշական յուրատեսակ մեսիջներ են Ադրբեջանին, Թուրքիային ու նրանց դաշնակիցներին»,- ասաց Վարդանյանը։

Միջազգային լրահոսի համաձայն՝ Իրանի բանակը պլանավորում է լայնածավալ զորավարժություններ իրականացնել՝ ռազմական անօդաչու օդուժի մասնակցությամբ։ Անօդաչու թռչող սարքերի վարժանքներին կմասնակցեն բանակի չորս ճյուղերի՝ ցամաքային զորքերի, ռազմածովային, ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության ուժերի անձնակազմերը: Զորավարժությունները տեղի կունենան Իրանի կենտրոնական և հարավային շրջաններում։

Վարդանյանի խոսքով՝ յուրաքանչյուր երկիր իր զորամիավորումների մարտունակությունը շարունակ բարձր պահելու նպատակով անցկացնում է զորավարժություններ, և Իրանն այդ առումով բացառություն չէ։

«Թեև պլանավորված լայնամասշտաբ զորավարժություններն անցկացվելու են ոչ թե հարևան երկրների անմիջական սահմանների հարևանությամբ, այլ Իրանի հարավում և կենտրոնում, բայցևայնպես պարունակում են նաև ուղերձներ տարածաշրջանի երկրներին։ Այս պահին դժվար է կանխատեսել, թե կոնկրետ ինչ գործողությունների հետագայում կդիմի Իրանը, սակայն փաստ է, որ Թեհրանում անվտանգության բաղադրիչին և երկրների տարածքային ամբողջականության ու սահմանների անխախտելիության գործոնին հատկացվում է կենսական նշանակություն»,- եզրափակեց իրանագետը։

Մանվել Մարգարյան

Տեսանյութեր

Լրահոս