«Շատ գեշ ձայն եկավ». Սահմանամերձ գյուղի բնակիչը՝ սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ կրակոցի մասին
Ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտել է ՀՀ սուվերեն տարածքում հրադադարը:
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ այսօր՝ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Կութ համայնքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ: Հաղորդվել էր, որ առաջիկայում նախարարությունը հանդես կգա լրացուցիչ տեղեկատվությամբ:
Կուտական և Կութ համայնքների սահմանային դիրքերին նայող ու հենց սահմանին գտնվող Կուտական գյուղի բնակիչ Մարտին Աթանեսյանը 168.am-ին հայտնեց, որ մեքենայի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցի ձայնն իր եղբայրն անձամբ է լսել:
«Հա, ախպերս ասաց՝ նոր են խփել: Ասում է՝ շատ գեշ ձայն եկավ: Մինամյոտով է, ոնց հասկանում ենք, կրակ բացվել, էն նույն զենքով, որով մի ժամանակ առաջ իմ տանն էին խփել»,- ասաց նա:
Մեր զրուցակցի խոսքով՝ անցած օրերին ևս թշնամական կողմը մերթընդմերթ կրակ է բացել սահմանային դիրքերի ուղղությամբ: Ըստ նրա՝ կրակում են հիմնականում գիշերային ժամերին:
«Ոնց հասկանում եմ՝ խրախճանք են անում, որովհետև տրասիրով (լուսածրային փամփուշտ.- Ն.Ս.) են կրակում: Եթե իրենք մտադրություն ունենան վնասելու՝ ընդամենը 600 մետր է, կանեն: Հիմա ուղղակի ահաբեկելու նպատակ ունեն»,- ասաց Կուտականի բնակիչը:
Այդուհանդերձ, մեր զրուցակցի խոսքով, գյուղում այժմ խուսափում են մեծաթիվ անասուններ պահել: Ավելի քան 100 գլուխ անասուններից մի փոքր հատվածն է մնացել, որոնց դաշտ չեն տանում: Հիմնականում գյուղի տարածքում են արածեցնում՝ անվտանգությունից ելնելով: Ասում է՝ ամեն վայրկյան կարող են կրակել, ինչպես այսօր՝ սնունդ տեղափոխող մեքենայի վրա: Մեր զրուցակցի տունն էլ թշնամու համար նշանակետ է դարձել: Սահմանային ցանկացած լարվածություն անձամբ իր մաշկի վրա է զգում: Գյուղից հեռանալու մասին, սակայն, անգամ խոսել կտրականապես հրաժարվում է:
«Էս սարը ես եմ հետ բերել, ես ո՞ւր լքեմ գյուղը: Ինչն ինձ է պատկանում, ես միշտ պահում եմ: Ապրում եմ հույսով, որ մի օր անպայման ճեղքելու ենք ու վերագրավելու ենք մերը: Էսպես չի մնալու: Գժված եմ, վառված, բայց հույս ունեմ, որ մեռնելու դեպքում էլ անիմաստ չեմ կռվի ու մեռնի: Դրա համար եմ մնում ու երբեք չեմ գնացել այստեղից: Սա էլ է կռիվ: Հիմա որ մնացածի պես թողեմ-գնամ, մեր վիճակն ի՞նչ է լինելու»,- եզրափակեց 168.am-ի զրուցակիցը:
Նազելի Ստեփանյան