
Մարդկային կյանքի իմաստը…

Մի անգամ վանականը մի բարեպաշտ տարեց կնոջ հանդիպեց գերեզմանատանը, որը վշտալի տեսքով նստած էր գերեզմաններից մեկի մոտ: Վանականը մոտեցավ նրան ու հարցրեց նրա վշտի պատճառը, որին կինը պատասխանեց.
«Է՜հ, Հա՛յր սուրբ, ինպիսի՜ անմտությամբ ապրեցի կյանքս: Եթե երիտասարդության տարիներին մտածեի անխուսափելի ծերության մասին, ապա այդքան անմիտ արարքներ չէի գործի: Նման շվայտ կյանք չէի վարի, որի պատճառով թե՛ ինքս մեղքի ճահճում հայտնվեցի, թե՛ այլոց ինձ հետ տարա: Եվ ագահության նման խղճուկ զոհը չէի դառնա, եթե ժամանակին գիտակցեի, որ իրականում գերեզմանատան այս տեղն է միայն ինձ պատկանում, որին այժմ լուռ նայում եմ…»:
Վանականն անկեղծորեն հուզվեց և ուրախացավ այն վշտացած կնոջ համար, որը գոնե օր ծերության կարողացել էր հասկանալ մարդկային կյանքի իմաստը…
Սեփական մեղքերը տեսնելը Աստծու մեծագույն պարգևն է: Երբ գիտակցում ենք մեր ներքին խավարը, երբ բացահայտում ենք մեղքի ողջ այլանդակությունն ու զզվելիությունը, այնժամ Աստծու շնորհը օգնության է հասնում և արժանացնում մեզ իր մխիթարությանը:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը