Ղարաբաղից փախստականների գրեթե մեկ երրորդը երեխաներ են. ՅՈՒՆԻՍԵՖ

Ավելի քան 88,000 մարդ Լեռնային Ղարաբաղից մուտք է գործել Հայաստան, և ընդհանուր թիվը կարող է հասնել 120,000-ի, ուրբաթ օրը ՄԱԿ-ի ճեպազրույցում ասաց ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Կավիտա Բելանին։ Նրա խոսքով՝ հոգնած ու վախեցած մարդկանց հսկայական ամբոխներ են հավաքվում գրանցման կենտրոններում, հաղորդում է Reuters-ը։

«Նրանք ինն ամիս շրջափակման մեջ են ապրել», – ասաց նա: «Նրանք անհանգիստ են, վախեցած և պատասխաններ են ուզում»: «Մենք պատրաստ ենք ընդունել մինչև 120 հազար մարդ։ Դժվար է կանխատեսել, թե քանիսը կժամանեն այս փուլում»,- հավելեց նա՝ պատասխանելով փախստականների թվի մասին հարցին: Նախնական գնահատականները հիմնված էին 70,000-ից 90,000 փախստականների վրա, բայց դրանք պետք է թարմացվեն, ավելացրեց նա:

Փախստականների գրեթե մեկ երրորդը երեխաներ են, ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի մեկ այլ պաշտոնյա։ «Մեզ ամենաշատն անհանգստացնում է այն, որ նրանցից շատերը բաժանվել են իրենց ընտանիքներից», – ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տնօրեն Ռեգինա Դե Դոմինիսիսը:

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի խոսնակ Հիշամ Դիաբն ասաց, որ փախստականների հոգեկան առողջությանն աջակցելու հսկայական կարիք կա: «Իրավիճակը հաճախ ներառում է ընտանիքներ, որոնք գալիս են երեխաներով, որոնք այնքան թուլացած են, որ նրանք ուշաթափվում են իրենց ծնողների գրկում», – ասաց նա:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի օպերատիվ մենեջեր Կառլոս Մորացանին ասաց, որ հինգշաբթի օրը Ղարաբաղից վառելիքի պահեստի պայթյունի և վերջին մարտերի զոհերի մոտ 200 դի է հանվել։

«Մենք նախատեսում էինք, որ տարհանումն ավելի երկար գործընթաց լինի»,- ասաց նա. «Այս շաբաթ տարհանումը շատ արագ անցավ»։

Տեսանյութեր

Լրահոս