Թուրքիայում արաբ լրագրողին ձերբակալելու որոշում է կայացվել
Թուրքիայում ընդդիմադիր «Լավ» (İyi Parti) կուսակցության խոսնակ Քուրշադ Զորլուն Twitter-ում արած հրապարակմամբ հայտնել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի և ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայային վիրավորելու համար քուվեյթցի արաբ գրող, լրագրող Աբդյուլազիզ Ալհաժիրիի ձերբակալման որոշման մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նախ Ալհաժիրին սոցիալական ցանցում կատարած գրառմամբ անդրադարձել էր Թուրքիայի Տրապիզոն քաղաքում իր հայրենակից՝ արաբ զբոսաշրջիկին ծեծի ենթարկելու դեպքին՝ օգտագործելով Աթաթուրքին ուղղված վիրավորական արտահայտություններ:
Իսկ ավելի ուշ՝ երբ վերոհիշյալ բնույթի արտահայտությունների հիման վրա թուրքական դատարանը հայտնում է Ալհաժիրի նկատմամբ հանրային հետապնդում սկսելու մասին, քուվեյթցի լրագրողը մեկ այլ գրառում է անում, որտեղ արդեն խոսքերն ուղղում է Թուրքիայի ներքին գործերի նախարարին:
«Իմ անունը Աբդուլազիզ Դյուվայիhի բին Ռումայիհ ալ Հաժրի է: Մենք քննադատում ենք ռասսայական խտրականության հողի վրա Քուվեյթի քաղաքացու նկատմամբ ձեր իրականացրած հարձակումը, իսկ դուք վիրավորում եք մեր կրոնը, մարգարեին, պետությունը և շեյխերին: Կարծում եք ձեզնից վախենալո՞ւ եմ, ինչ է թե դուք ներքին գործերի նախարար եք: Անձնական տվյալներդ բացահայտելով՝ քո դեմ դատական հայց կբացեմ, ա՛յ բարբարոս, անպիտա՛ն»:
Նշենք, որ արաբ տուրիստին ծեծի ենթարկելու դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 16-ին: Շրջանային ղեկավարության հաղորդմամբ՝ դեպքի առթիվ կասկածյալ հանդիսացող անձը ձերբակալվել է: