«Արցախը պետք է դառնա մեր նոր Առաքելությունը, հակառակ դեպքում կկորցնենք պետականության մնացած բեկորները»

Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախը պետք է դառնա մեր նոր Առաքելությունը: Հակառակ դեպքում կկորցնենք պետականության մնացած բեկորները:

Ի՞նչ է դրա համար անհրաժեշտ:

1. Ձևավորել այնպիսի իշխանություն, որն ունակ կլինի բալանսավորել ազգայինի ու գլոբալի միջև, ճիշտ կընթերցի աշխարհաքաղաքական կոդերն ու երկարաժամկետ քաղաքական կամք կդրսևորի:

2. Անցնել նախագահական համակարգի:

3. Համայն հայության ռեսուրսի գույքագրում անցկացնել: Գնահատել՝ քանի հեղինակավոր բժիշկ ու գործարար, ինժեներ ու գիտնական, քաղաքական գործիչ ու ժուռնալիստ ունենք աշխարհում: Կոնսոլիդացնել նրանց մեկ գաղափարական առանցքի շուրջ: Ստեղծել գլոբալ հայկական ցանց: Լոբբիստական ցանց:

4. Ձևավորել խորքային պետություն, որի առկայության դեպքում կարող են փոխվել քաղաքական դեկորացիաներն ու դերակատարները, բայց պետության զարգացման վեկտորը կմնա նույնը:

5. Սահմանել հայի քաղաքական ու քաղաքացիական ինքնության սահմաններն ու քաղտեխնոլոգների, սոցիալական հոգեբանների ու սոցիոլոգների միջամտությամբ ներդնել այն հասարակական գիտակցության մեջ: Դառնալ քաղաքական ազգ:

6. Սահմանել պետության զարգացման առնվազն 30 տարվա ճանապարհային քարտեզ: Հստակ չափորոշիչներով ու առանց պաթոսային լիրիզմի: Հավատալ, որ եթե գրագետ ու համակարգված աշխատենք, ապա ճանապարհի վերջում կարող ենք ունենալ կրկին ազատագրված Արցախ ու կայուն Հայաստան:

7. Խորապես զարգացնել կիրառական ադրբեջանագիտությունը: Ստեղծել համապատասխան գիտահետազոտական կենտրոններ ու կրթական ծրագրեր: Ուսումնասիրել թշնամու 30 տարվա փորձը, զննել նրան խոշորացույցի տակ, ինչպես նա է մեզ զննում:

8. Բանակը զարգացնելու հետ մեկտեղ սովորել վարել հիբրիդային պատերազմներ՝ «խելացի ուժի» կիրառմամբ: Այս նպատակով նախևառաջ արմատական ռեֆորմներ իրականացնել երկրի ուժային ու դիվանագիտական համակարգերում:

Հ.Գ. Ժողովրդից պետք չէ մեծ սպասելիքներ ունենալ: Ուղենիշները պետք է սահմանի էլիտան ու ստիպի ժղողվրդին համապատասխանել դրանց: Եթե պետք է՝ կոշտ կերպով ստիպի՝ «գիրքը գլխին տալով»: Գիտեմ, շատերը կնեղվեն այս խոսքերից: Բայց մենք արդեն այն կետում ենք, երբ անձամբ իմ քաղկոռեկտությունը սպառվել է:

Տեսանյութեր

Լրահոս