Արևմուտքը խոսքի դաշնակից է, ՌԴ-ն իներտ է, Իրանը իներտ է, մեզ մնում է գտնել փոխզիջումային տարբերակ՝ Սյունիքի ուղղությամբ հնարավոր պատերազմից խուսափելու համար. փորձագետ
«Սյունիքի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից հնարավոր հարձակման վտանգը եղել է գրեթե միշտ, ու այն ավելացել է հատկապես Արցախյան երկրորդ՝ 44-օրյա պատերազմից ու 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, որտեղ 9-րդ կետով ֆիքսված է, որ կողմերը պարտավորվում են ապահովել անխափան կապը՝ Նախիջևանի և Ադրբեջանի միջև»,- 168.am–ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը՝ հավելելով, որ թուրքական հռետորաբանությունից պարզ է դառնում, որ իրենց համար առաջնային պլան է դրված, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի գաղափարը, որին հասնելու համար թուրք-ադրբեջանական կողմը պատրաստ է ցանկացած սցենարի:
Այս ֆոնին, ըստ քաղաքագետի, ՌԴ-ն, ըստ էության, «միևնույն հարթակում դիտարկեց» հայ ժողովրդին, Հայաստան պետությունը՝ գործող իշխանության հետ միասին՝ կատարելով աշխարհաքաղաքական մեծ սխալ: Այսինքն, կորցնելով վերահսկողությունը ԼՂ-ում՝ այդ երկիրն, ըստ էության, կորցնում է իր ազդեցությունը նաև ամբողջ Հարավային Կովկասում:
Միևնույն ժամանակ, Գարիկ Քեռյանի դիտարկմամբ, առաջիկայում ՌԴ-ն տարածաշրջանային ռազմական հնարավոր գործողությունների դեպքում կարող է ստանձնել պարզապես դիտորդի դեր: Այս առումով, ըստ 168.am-ի զրուցակցի, պետք է ամեն կերպ բացառել պատերազմի որևէ սցենար:
«Ակնհայտ է, որ Իրանը, հաշվի առնելով իր շահեըը, չի ցանկանա ներքաշվել լայնամասշտաբ պատերազմի մեջ, որովհետև եթե այդ երկիրը թուրք-ադրբեջանական կողմին փորձի արգելել Սյունիքի տարածքով ցամաքային կապ ստեղծել, ապա որևէ մեկը չի կարող վստահությամբ ասել, որ Իրանի նկատմամբ Թուրքիան և Ադրբեջանը չեն գնա պատերազմի: Նաև այս համատեքստում, հարևան Իրանը դիտորդ էր և՛ 44-օրյա պատերազմի ժամանակ, և՛ հայաթափման ժամանակ: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ու դա արդեն իսկ վտանգ է պարունակում Իրանի համար: Իսկ Ադրբեջանը Թուրքիայի հովանավորության ներքո է և ունի ռազմական մեծ պոտենցիալ: Այս առումով, Իրանը կարող է լուրջ պարտություն կրել պատերազմի դեպքում»,- ասաց նա:
Դրա փոխարեն, Իրանն առաջարկում է Նախիջևանն Ադրբեջանի հետ կապել իր տարածքով: Այս առումով, այդ երկիրը նաև հավելյալ լծակներ ձեռք կբերի հարևան երկրների հանդեպ: Այս ֆոնին, քաղաքագետն անգամ չդիտարկեց Հայաստանի դեմ հնարավոր ռազմական գործողության տարբերակը՝ հայտարարելով, որ հայկական կողմի ռազմական պոտենցիալը որևէ ձևով բավարար չէ նման միացյալ երկու ուժերի դեմ պատերազմի մեջ մտնելու համար:
«Այս ամենից կարելի է ենթադրել, որ Հայաստանի գերխնդիրը հիմա պետք է լինի բանակցությունների միջոցով ուղղակի բացառել պատերազմը: Գտնում եմ, որ այս դեպքում պետք է դիտարկել հնարավոր փոխզիջման տարբերակը: Շատ պետություններ կան, որոնք ինչ-որ մի փուլի կարողացել են ստեղծված իրավիճակում լուծում գտնել: Պետք է դիտարկել նաև այդ ամբողջ փորձն ու գալ այս խնդրի առավել քիչ ցավոտ լուծման՝ տարածքային միջանցքի տրամադրմամբ, ու չկորցնել, օրինակ, նաև Մեղրին՝ հնարավոր ռազմական հարձակման պարագայում: Երկուսն էլ Հայաստանի շահերին չեն համապատասխանում, բայց ելնելով հանգամանքից, որ մենք դաշնակիցներ չունենք, Արևմուտքը խոսքի դաշնակից է, ՌԴ-ն իներտ է, Իրանը իներտ է, մեզ մնում է գտնել փոխզիջումային տարբերակ: Այստեղ մեր դիվանագետները պետք է աշխատեցնեն իրենց գլուխները»,- ասաց քաղաքագետը:
Գարիկ Քեռյանը բացառեց նաև հայ-իրանական զորավարժությունների անցկացմամբ թուրք-ադրբեջանական նկրտումների զսպման տարբերակը: Նրա խոսքով՝ Իրանը, լինելով ԱՄՆ-ի թիվ մեկ թշնամական երկիրը, գտնվում է նաև Արևմուտքի պատժամիջոցների ներքո:
«Հիմա Դուք ո՞նց եք պատկերացնում. Հայաստանը եվրոդիտորդների է հրավիրել, ԱՄՆ-ի հետ ինչ-որ զորավարժությունների իմիտացիա է անում: Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներ են գալիս Հայաստան, և դրանից հետո ինչպե՞ս կարող է Հայաստանը դառնալ Իրանի ռազմավարական դաշնակիցը: Տարրական իրողությունները հուշում են, որ դա անհնարին սցենար է»,- ասաց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից ՀՀ դուրս գալու պարագայում արևմտյան ուժերի կողմից հնարավոր ռազմական որևէ օգնություն ստանալու հնարավորությանը, Քեռյանը հիշեցրեց՝ ՀՀ տարածքում պատմության ընթացքում երբևէ արևմտյան որևէ ուժ չի տեղակայվել, իսկ անցած 30 տարիներին Արևմուտքը դեռևս որևէ օգնություն չի տրամադրել հայկական կողմին՝ հայտարարելով, թե չեն օգնում, քանի որ հայկական կողմը չի ազատվել իր տարածքում ռուսական ներկայությունից:
«Հիմա Հայաստանը, դե յուրե՝ ոչ, բայց դե ֆակտո գրեթե դուրս է եկել ու չի մասնակցում ո՛չ Ռուսաստանի, ո՛չ ՀԱՊԿ-ի , ո՛չ ԱՊՀ-ի որևիցե կառույցի գործընթացներին: Սա փորձաշրջան կլինի Արևմուտքի համար: Եթե նրանք իսկապես օգնեն ու օգնեն հատկապես այն հարցում, որ ճնշեն Թուրքիային ու Ադրբեջանին՝ պատերազմ չծավալելու հարցում, կարելի է սկսել հավատալ նրանց խոսքերին: Բայց առայժմ մենք այդ կողմից որևէ խոստման իրագործման քայլի ականատես չենք եղել՝ բացառությամբ այդ եվրոդիտորդների, որոնք ՀՀ-ում պարզապես փաստեր են արձանագրում»,- եզրափակեց Գարիկ Քեռյանը:
Նազելի Ստեփանյան