Լաչինի միջանցքը պետք է մշտապես բաց մնա քաղաքացիների տեղաշարժի, մարդասիրական կազմակերպությունների համար. Փաուեր

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը շեշտել է քաղաքացիների տեղաշարժի, սննդի, դեղորայքի մատակարարումների համար Լաչինի միջանցքն ամբողջությամբ բաց պահելու անհրաժեշտությունը:

Փաուերն այս մասին ընդգծել է Հայաստան այցից հետո իր հայտարարությունում:

«Լաչինի միջանցքը պետք է ամբողջությամբ և մշտապես բաց մնա, որպեսզի քաղաքացիական անձինք կարողանան ազատորեն գնալ և վերադառնալ, համայնքները կարողանան օգտվել սննդից, դեղորայքից և այլ անհրաժեշտ պարագաներից, իսկ մարդասիրական կազմակերպությունները կարողանան տեսնել և բավարարել կարիքները տեղում»,-նշել է Փաուերը:

ԱՄՆ ՄԶԳ տնօրենը շեշտել է Ադրբեջանի պարտավորությունը՝ պաշտպանելու խաղաղ բնակիչներին, հարգելու մարդկանց իրավունքներն ու հիմնարար ազատությունները:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը Հայաստան էին ժամանել սեպտեմբերի 25-ին: Նրանք այցելել էին նաև Կոռնիձոր, Փաուերն անձամբ էր շփվել բռնի տեղահանված քաղաքացիների հետ, ծանոթացել իրավիճակին:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին:

Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք:

Սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը: Սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը: Սեպտեմբերի 24-ին հայտարարվեց, որ ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան կիրականացվի այն ընտանիքների տեղափոխում, որոնք վերջին ռազմական գործողությունների հետևանքով մնացել են անօթևան և հանրապետությունից դուրս գալու ցանկություն են հայտնել: Լեռնային Ղարաբաղից սեպտեմբերի 28-ի ժամը 14:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել 70 հազար 500 բռնի տեղահանված անձ:

Տեսանյութեր

Լրահոս