Հայաստանին Ֆրանսիայից ռազմական փոքր օգնություններ կարող են լինել, բայց լուրջ օգնություն հնարավոր չէ. Հրաչ Վարժապետյան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն օրերս հայտարարել էր, որ «Ֆրանսիան այսօր շատ զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ»: Ինչպես կարող է Ֆրանսիան օգնել ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանը, որն արդեն իսկ խախտվել է, քանի որ առնվազն ավելի քան 150 քկմ տարածք ենք կորցրել: Եվ ինչ է տալու նաև այս առումով Սյունիքի մարզում ֆրանսիական հյուպատոսության բացումը, որի մասին հայտնել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան, արդյո՞ք դա բավարար է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանն աջակցելու համար:
Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանի հետ:
-Այո, Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ զգայուն է ՀՀ տարածքային ամբողջականության հանդեպ: Բայց միայն Սյունիքում հյուպատոսություն բացելը բավարար չէ այս առումով, թեև շատ ողջունելի քայլ է: Ֆրանսիան՝ որպես աշխարհի 5 մեծ պետություններից մեկը՝ և՛ դիվանագիտական, միջազգային իր հարաբերություններով, և ՛ ՄԱԿ-ի իր անցած ճանապարհով, կարող է լրջորեն այս հարցում օգտակար լինել: Բայց նաև չպետք է մոռանալ, որ Եվրոպական միության մեջ Ֆրանսիան ունի իր ազդեցիկ դերը, դիրքը, խոսքը, և կարող է միությունն ուղղորդել դեպի իր այդ քաղաքականությունը: Իսկ Եվրոպական միությունը ներկա պահին գտնվում է թուրք-ադրբեջանական հոսանքի տակ, որի պատճառը հստակ է՝ ադրբեջանական գազը, որը մատակարարվում է Եվրոպա, և որի կարիքը շատ ունի Եվրոպան, մանավանդ ՌԴ-ի հետ իր վատ հարաբերությունների պայմաններում՝ ուկրաինական հարցի ֆոնին:
Եվ այս պարագայում սա ավելի ծանր է կշռում, քան հայկական արյունը, դժբախտաբար: Սա է զզվելի և դառը իրողությունը: Եվ ճիշտ այս պատճառով է, որ հոկտեմբերի 1-ին՝ կիրակի օրով, Բրյուսելում եվրոպահայությունը բողոքի ակցիա է իրականացնելու՝ Եվրոպական միության դեմ, այն դիտարկելով մեղսակից Արցախի ցավոտ իրադարձությունների գծով:
– Ժամանակ առ ժամանակ խոսակցություններ են շրջանառվում Ֆրանսիայից Հայաստանին ռազմական օգնության մասին, կա՞ նման բան, և որքանո՞վ է դա հնարավոր։
-Ռազմական ինչ-որ փոքր օգնություններ կարող են լինել, բայց լուրջ օգնություն հնարավոր չէ: Ֆրանսիան Հարավային Կովկասի տարածաշրջանում չունի այդ հնարավորությունը: Պետք է նախ հասկանալ՝ ինչ ասել է՝ ռազմական օգնություն, ինչ է այն ենթադրում, դրա մասշտաբը: Այս ամենը խնդիր է, և կարող եմ ասել, որ չի կարող այս պահին նման բանն իրականություն լինել: Որովհետև ինչպես նշեցի արդեն, հնարավոր չի, որ Ֆրանսիան այդ ուժը, հնարավորությունն ունենա այս տարածաշրջանում, նույնիսկ այսօր նկատելի է Ֆրանսիայի նահանջն Աֆրիկայում, երբ այն, այսպես ասած, իր տարածաշրջանն է: Բայց Հարավային Կովկասում բավական հեռու ենք այդ ընթացքից, ուստի հնարավոր չէ ռազմական լուրջ օգնության մասին խոսել: Կրկնում եմ՝ փոքր օգնություններ հնարավոր է լինեն, բայց դրանք շատ բան չեն կարող տալ, նկատի ունենալով մեր թշնամիների գերռազմական հնարավորությունները, այսինքն, համարժեք չեն կարող լինել, ցավոք:
– Ի դեպ,որոշ գործիչներ պնդում էին, որ Ֆրանսիան ՀՀ-ին ռազմական օգնություն է առաջարկել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, բայց ՀՀ իշխանությունները համապատասխան քայլեր չեն ձեռնարկել, չնայած սա բավականին բարդ հարց է: Դուք տեղյա՞կ եք, նման առաջարկ եղե՞լ է, թեկուզ դրանից հետո, չնայած արդեն խոսեցինք:
-Այո, բարդ խնդիր է, և ես տեղյակ չեմ պաշտոնապես, թեև մամուլում շրջանառված նման տեղեկություններ կան, և հասկանալի չէ՝ ռազմական ինչ տեսակ օգնության մասին էր խոսում մամուլը: Երբ չունենք ստույգ տեղեկություն, ճիշտ չէ այդ մասին որևէ արտահայտություն անել, և պետք չէ մամուլում շրջանառված տեղեկությունների հիման վրա նման լուրջ և պատասխանատու հայտարարություններ կատարել: Անշուշտ, բարդ հարց է, և երկարաժամկետ խնդիր է, որի պատասխանը պաշտոնական տեղեկությունների հիման վրա չունեմ:
-Ինչպե՞ս եք գնահատում Ֆրանսիայի հարաբերություններն Ադրբեջան֊ի և Թուրքիայի հետ, Ֆրանսիան այլևս սպառազինություն չի՞ վաճառում Ադրբեջանին:
– Ֆրանսիայի հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետայս պահին փայլուն չեն: Ֆրանսիան, այո, ժամանակին սպառազինություն վաճառել է Ադրբեջանին, հատկապես գերարդիական արբանյակներ:
Եվ այս առնչությամբ ֆրանսիական համայնքը միշտ էլ բողոքի ձայն է բարձրացրել և պահանջել է դրա դադարեցումը, և այս պահին այդ սպառազինության մատակարարումն Ադրբեջանին դադարեցված է:
-Իսկ Արցախի վերջնական կորստից, Արցախի Հանրապետության դադարեցումից հետո, Սփյուռքը, որ հայկական չճանաչված պետության միջազգային ճանաչման համար էր պայքարում, հիմա ինչպե՞ս է իր պայքարի ապագան տեսնում, ի՞նչ է անելու, ինչի՞ համար, ինչի՞ շուրջ:
-Ցեղասպանությունից հետո Սփյուռքը պայքարել է հանուն հայ ժողովրդի իրավունքների, օրինակ, 70 տարի Հայաստանի անկախության համար, երբ չկար անկախ պետականություն: Այսօր ևս Սփյուռքը պիտի շարունակի այդ պայքարը՝ հանուն մեր իրավունքների վերատիրացման: Անշուշտ, առայժմ պայքարը պիտի լինի քաղաքական, քարոզչական և ՀՀ-ին տարբեր օժանդակությունների տեսքով՝ ի խնդիր մեր պետականության պահպանման:
Մեզ համար պայքար հասկացողությունը հանգրվանային է եղել միշտ, որի նպատակն ամբողջական Հայաստանի կերտումն է: Իսկ այս պահին պայքարը մեր պետականության պահպանման համար է, որը վտանգված է: Սփյուռքն իր բոլոր հնարավորությունները մեկտեղելով՝ մեր պետականության պահպանման համար պիտի պայքարի: