«Սփյուռքի գործողությունները շատ են ուշացել. Էլ ինչ մեծ արհավիրք պետք է լինի, որ միավորվենք». Լիբանանի «Զարթօնք» հայկական օրաթերթի խմբագիր

Ադրբեջանն 9 ամիս Արցախի Հանրապետությունը պահելով շրջափակման մեջ, սեպտեմբերի 19-ին սկսեց լայնածավալ ռազմական գործողություններ սահմանին, իսկ դրան զուգահեռ՝ ցեղասպանական գործողություններ խաղաղ բնակիչների նկատմամբ. կան հարյուրավոր զոհեր, անհետ կորածներ, գերեվարվածներ ու վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ։ Արդեն երեք օր է, Արցախի խաղաղ բնակիչները բռնի տեղահանվում են իրենց բնօրրանից՝ Ադրբեջանի կողմից ենթարկվելով էթնիկ զտման։

Հայաստանում և սփյուռքում այս ամենի դեմ տեղի են ունենում բողոքի և իրազեկման ակցիաներ։

168.am-ը Լիբանանի «Զարթօնք» հայկական օրաթերթի խմբագիր, մտավորական, հասարակական գործիչ Սևակ Հակոբյանից հետաքրքրվեց՝ այսօր հայկական սփյուռքն ինչ ռեսուրսներ ունի, որոնք կարող է օգտագործել ի շահ Հայաստանի ու Արցախի, և առհասարակ,  սփյուռքահայության պահանջները՝ միջազգային կառույցներին ուղղված պահանջները չպե՞տք է փոխվեն  բովանդակությամբ, քանի որ Արցախի բնիկ ժողովուրդը ենթարկվում է ցեղասպանության։

«Սփյուռքի գործողությունները շատ են ուշացել, կարծում եմ՝ սփյուռքը անկազմակերպ էր։ Այսպես ասած՝ հեռակա հայրենասիրության հոգեբանություն կա, չչափազանցնեմ, բայց կարծես թե հայրենասիրությունն իրենց հասկանում են օղու սեղանի շուրջ, եթե հայրենիքի կենացը խմեն, ապա Արցախը կազատագրվի ու ամեն ինչ լավ կլինի։ Սա, իհարկե, ողբերգություն է, բայց նմանօրինակ մշակույթ կա այսօր սփյուռքում, չափազանց անկազմակերպ է, որևէ մեկը գործնական քայլ անելու պատրաստ չէ։ Պարզապես, այս գործողություններն իրենց խիղճը հանգստացնելու, խղճի խայթ չզգալու համար են։ Բայց այս ամենն իրենք պետք է գիտակցեն, մենք էլ հասկանանք, որ սա որևէ տեղ չի տանելու»,- նշեց Սևակ Հակոբյանը։

Կարդացեք նաև

«Զարթօնք» թերթի խմբագրի խոսքով՝ 2018 թվականին, ինչ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում եկավ իշխանության, Հայաստան-սփյուռք կապը կտրեց։ Նախ լուծարեց սփյուռքի նախարարությունը, պատասխանատու պաշտոների նշանակելով խեղկատակ նախարարների, հանձնակատարի։

«Եթե գործնականում ներդրումների փոքր հնարավորություններ կային, և եթե սփյուռքը կարող էր մի փոքր աջակցել հայրենիքին, այս ամենն ի չիք դարձրեցին։ Իսկ «Հայաստան» հիմնադրամի մասին արդեն էլ չխոսենք։

Սփյուռքի առաջնահերթությունները միշտ տարբեր են եղել՝ մի քիչ ռոմանտիկ, մի քիչ ոչ գործնական։ Այս վիճակը նորություն չէ, հակառակ պարագայում սփյուռքն ավելի մեծ աշխատանք կիրականացներ՝ առնվազն Արցախի ճանաչման ուղղությամբ։ Չեմ հասկանում՝ ի՞նչն էր խանգարում սփյուռքին, որպեսզի յուրաքանչյուր գաղթօջախ իր ընտրած կոնգրեսականով ու երեսփոխանով գար Արցախ և միջազգային մեդիաների ուղեկցությամբ փորձեր բացել Բերձորի միջանցքը։ Չգիտեմ, նրանց ինչն է արգելել, նաև չեմ հասկանում թե ինչն էր արգելում Արամ Ա կաթողիկոսին՝ իր միջազգային կապերով, միություններով գար Հայաստան։ Այս իմաստով էր Սփյուռքն անկազմակերպ, և գործնական քայլ չանող մարդիկ դուրս եկանք՝ դժբախտաբար։ Սա ապիկար վիճակ է, հուսահատության ու անզորության հոգեվիճակ, որը չգիտեմ, թե ուր պիտի մեզ առաջնորդի։

Չգիտեմ, ավելի մեծ էլ ինչ արհավիրք պետք է լինի, որ մենք միավորվենք։ Ցեղասպանություն տեսած ժողովուրդ ենք, պատերազմներ տեսած, Սարդարապատ տեսած ժողովուրդ ենք, ինչ էլ պիտի լինի, որ միասնական դառնանք։ Այն, ինչ այսօր ես տեսնում եմ, ուղղակի ինձ հուսահատեցնում է, ես այսպես չէի ճանաչում մեր ժողովրդին»,- եզրափակեց Սևակ Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա հանդիպման քննարկման հիմնական թեմաներից մեկը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։ Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարների հանդիպման օրակարգում ընդգրկված են նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները։ «Հարավային Կովկասը շատ կարևոր նշանակություն ունի։ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները մեծ մասամբ հաղթահարված են։ Մենք արդեն շատ մոտ ենք խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,- ասել է Յըլմազը։ Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ օրակարգի առանցքային հարցերից մեկն է նաև ԹՐԻՓՓ նախագիծը՝ կիրառելով հայկական կողմի համար անընդունելի, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։ Նա նշել է, որ տրանսպորտային այդ երթուղու բացումը կնպաստի Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի ամրապնդմանը, ինչպես նաև Միջին միջանցքի զարգացմանը։ «Մենք բոլորս ցանկանում ենք, որ Չինաստանից մինչև Եվրոպա ձգվող այս տրանսպորտային երթուղին ավելի ամրապնդվի»,- ընդգծել է նա։ Յըլմազը հավելել է, որ Թուրքիան ակտիվ ջանքեր է գործադրում ինչպես Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման, այնպես էլ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ։ «Այս հարցում մենք ԱՄՆ-ի հետ ունենք նմանատիպ մոտեցումներ։ Այդ պատճառով Էրդողանի և Թրամփի հանդիպմանը Հարավային Կովկասի թեմայի քննարկումը բնական է»,- նշել է Թուրքիայի փոխնախագահը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները երկկողմ հանդիպում կանցկացնեն Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Գագաթնաժողովին մասնակցելու համար ԱՄՆ նախագահն արդեն ժամանել է Անկարա։ Հիշեցնենք, որ ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան համատեղ նախագիծ է, որի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են հունիսի 4-ին։

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930