ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար ԵՊՀ-ում ձևավորված կամավորական խմբերն աշխատելու են տարբեր ուղղություններով

Երևանի պետական համալսարանում սեպտեմբերի 25-ին ռեկտորի, պրոռեկտորների, ֆակուլտետների դեկանների ու ստորաբաժանումների ղեկավարների միջև տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի ժամանակ հստակեցվել ու մասնավորեցվել են ԵՊՀ ներուժն ու ռեսուրսները և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներին առավելագույնս արդյունավետ աջակցելու եղանակները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԵՊՀ ռեկտորի խոսնակ Քնար Միսակյանը:

«Այս պահին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առաջին հարկում գործում է տեղեկատվական կենտրոն, որտեղ ձևավորվում են կամավորական խմբեր՝ աշխատելու տարբեր ուղղություններով՝ հումանիտարից մինչև տեղեկատվական:

Մասնավորապես՝ ակնկալվում է ձևավորել 6 աշխատանքային խումբ՝ կացարանների բանկ, հումանիտար աջակցություն և լոգիստիկ հարցեր, իրավական հարցեր, հոգեբանական աջակցություն, տեղեկատվական կենտրոն, փաստահավաք խումբ:

Ձևավորվող համապատասխան խմբերից մեկը զբաղվելու է Արցախից մեր հայրենակիցների հնարավոր ժամանման ընթացքում անհրաժեշտ աջակցության կազմակերպման և համակարգման հարցերով: Առանձին խմբեր էլ աշխատելու են իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրմամբ և դասակարգմամբ, միջազգային մամուլի և սոցիալական հարթակների մշտադիտարկմամբ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիային վերաբերող փաստերի հավաքագրմամբ:

Տեղեկացնում ենք նաև, որ ԵՊՀ-ն գործընթացն առավել համակարգված կազմակերպելու նպատակով ակտիվորեն հաղորդակցվում է պետական մի շարք գերատեսչությունների հետ:

Բոլոր ցանկացողները կարող են մոտենալ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առաջին հարկում աշխատող մեր տեղեկատվական թիմի անդամներին՝ գրանցման և աշխատանքային խմբերին միանալու համար»,- գրել է նա:

Տեսանյութեր

Լրահոս