Աղոթքը պետք է լինի անշահախնդիր
Նախ և առաջ մի կո՛ղմ նետեք, հեռացրե՛ք ձեզանից շահասիրությունը։ Աղոթքը պետք է լինի անշահախնդիր։ Թող ամեն ինչ ծածուկ, անշահասեր կերպով լինի։ Այսինքն՝ մի մտածեք, որ եթե միտքը կենտրոնացնեք, սիրտը շնորհով կլցվի ու կթրթռա ուրախությունից։ Մի՛ աղոթեք նման հաշվարկով, այլ աղոթեք պարզորեն ու խոնարհաբար։
Թող ամեն բան Աստծու փառքին ծառայի։ Ի՞նչ էի ասում ձեզ սոխակի մասին։ Նա երգում է, իսկ ոչ մեկը չի տեսնում նրան։ Դուք էլ այդպես անշահախնդիր եղեք։ Ձեզ նվիրեք Աստծու ծառայությանը ծածուկ կերպով։
Եվ, այնուամենայնիվ, ուշադիր եղեք։ Ինչպես ասացինք․ «․․․․ թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը» (Մտթ․ 6։3)։ Սովորեք աղոթել այնպես, որ մեր չար ես-ն անգամ չիմանա այդ մասին։ Ապրեք դրախտում՝ սովորեք չտեսնել չարը, և անգամ մեր չար ես-ը թող չիմանա դրա մասին, թող չնախանձի։ Եվ մի՛ մոռացեք, որ հակառակորդն էլ է նախանձում։
Հայր Պորֆիրիոս Կավսոկալիվացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը