Կամ արի՛ հրապարակ, կա՛մ գնա խրամատ. Անդրանիկ Թևանյան
Իմպիչմենթի համար պետք է ոչ թե ռադիկալ գործողություններ, այլ հանրային լայն մասնակցություն ու զանգվածայնություն: Լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը:
«Մեր թշնամին ոչ միայն Նիկոլ Փաշինյանն է, այլև իրեն սատարող առնվազն երկու պետությունները՝ Թուրքիան ու Ադրբեջանը: Հետևաբար, մենք այդ թշնամուն պետք է հաղթենք ոչ թե ֆիդայական ջոկատներով, այլ կազմակերպված բանակով: Ու ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանին մենք վռնդելու ենք»,- հայտարարեց Թևանյանը՝ հավելելով, որ Արցախն ու Հայաստանը պաշտպանել չկարողանալու դեպքում մյուս հարցերն անիմաստ են դառնալու:
Անդրանիկ Թևանյանը նաև հայտարարեց, որ ամբողջ հանրապետությունում պետք է արթնացնել այն ոգին, որ եթե չես ուզում դուրս գալ հրապարակ, գնալ կոնկրետ գործողության, ապա ստիպված ես լինելու քո կյանքի համար պայքարել խրամատներում:
Նազելի Ստեփանյան