Ադրբեջանը ռազմական ուժի կիրառմամբ էթնիկ զտում է իրականացնում Լեռնային Ղարաբաղում․ Էդմոն Մարուքյանի հարցազրույցը Al-Jazeera-ին
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Ադրբեջանը ահաբեկչական հարձակում է իրականացնում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության վրա։ Այս մասին Մարուքյանն ասել է Al-Jazeera-ին տված հարցազրույցում։
Անդրադառնալով Ադրբեջանի հայտարարությանը, թե «Ադրբեջանի զինուժը հակաահաբեկչական օպերացիա է իրականացնում Լեռնային Ղարաբաղում»՝ Մարուքյանը շեշտել է, որ հենց Ադրբեջանն է ահաբեկչական հարձակում իրականացնում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ։ «Դա ադրբեջանական պրոպագանդա է։ Այն, ինչ հիմա կատարվում է, դա է ահաբեկչական հարձակում։ Ադրբեջանը լայնածավալ հարձակում, ագրեսիա է սկսել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ»,- ասել է Մարուքյանը։
Նա նշել է, որ տեղեկություններ են հրապարակվել շուրջ երեք տասնյակ զոհերի, հարյուրավոր վիրավորների մասին։
Մարուքյանը շեշտել է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարը, որը նրանք ստորագրել էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Այսպիսով, նրանք խախտել են շփման գիծը, որը հաստատվել էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Այս պահին Ադրբեջանը ռազմական ուժ է կիրառում՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնելու համար»,- ասել է Մարուքյանը։
Նա նաև հիշեցրել է, որ Ադրբեջանը շուրջ 9 ամիս է, ինչ արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որը միակ ճանապարհն է, որով Լեռնային Ղարաբաղը ստացել է առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումները։ «Հիմա Ադրբեջանը հարձակվում է տառապող մարդկանց վրա։ Նրանք սպանում են տառապող մարդկանց, խաղաղ մարդկանց։ Ամբողջությամբ սուտ են պնդումները «հակաահաբեկչական օպերացիայի» մասին։ Դա ադրբեջանական քարոզչությունն է»,- ընդգծել է Մարուքյանը։
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանն Ադրբեջանի այս հարձակումը կասեցնելու պարտավորություններ ունի, որովհետև այնտեղ խաղաղապահ զորակազմ ունի, որը տեղակայվել է 2020 թվականի եռակողմ հայտարարության հիման վրա։ Նրա խոսքով անելիք ունի նաև Արևմուտքը։ «Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը օրերս հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չի հանդուրժելու էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում, ինչը հենց հիմա այնտեղ կատարվում է»,- ասել է նա։
Նա արձագանքել է նաև ադրբեջանական կողմի կեղծ պնդումներին, թե Հայաստանը Լեռնային Ղարաբաղում զինված ուժեր ունի։ Մարուքյանը հստակեցրել է, որ Լեռնային Ղարաբաղը ունի իր զինված ուժերը, որոնք պաշտպանում են Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը։