
Լեռնային Ղարաբաղում շուրջ 4000 մարդ է տարհանվել. Արտակ Բեգլարյանը տվյալներ է ներկայացրել

Լեռնային Ղարաբաղում շուրջ 4000 մարդ է տարհանվել Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ հարձակման հետևանքով։ Նման տվյալներ է ներկայացրել Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Իմ մոտավոր և ոչ պաշտոնական գնահատականը ցույց է գալիս, որ Ադրբեջանի ցեղասպանական ագրեսիայի պատճառով իրենց համայնքներից տարհանվել է շուրջ 4000 արցախցի։ Վեց համայնքներից մարդկանց տարհանել են ամբողջովին, այլ համայնքներից՝ մասամբ։ Այս թիվն աճում է», – գրել է Բեգլարյանը X սոցիալական ցանցի միկրոբլոգում։
Արցախի առողջապահության նախարարությունը հայտնել է որ դատաբժշկական բյուրոյի տվյալներով՝ ժամը 20:00-ի դրությամբ զոհերի թիվը 25 է, որից 2-ը՝ քաղաքացիական։ Արցախի բուժհաստատություններից ստացված վերջին տվյալների համաձայն՝ ժամը 21:00-ի դրությամբ ադրբեջանական հարձակման հետևանքով կա 138 վիրավոր, նրանցից 29-ը քաղաքացիական անձինք են։