Թուրքիան սատարում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը
Թուրքիան սատարում է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը Լեռնային Ղարաբաղում։ Սեպտեմբերի 19-ին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հեռախոսազրույցում իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանի սկսած ռազմական գործողություններին, որոնք միտված են Լեռնային Ղարաբաղի ակնհայտ էթնիկ զտմանը։
Գյուլերն իր համերաշխությունը հայտնել է հետևյալ ձևակերպմամբ․ «Թուրքիան այսօր, ինչպես և միշտ, կանգնած է Ադրբեջանի կողքին»։
Այս մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից։
Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 19-ին ժամը 13։00-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ: ԼՂ ՊԲ-ից հայտնում են, որ Ադրբեջանի ԶՈւ-ն փորձում է առաջանալ Լեռնային Ղարաբաղի ՊԲ պաշտպանության խորքը։ Լեռնային Ղարաբաղում երկու զոհերից մեկը երեխա է։ Կա 11 վիրավոր։