Այս ընտրությունը բավականին լուրջ մոնիտորինգ էր. Վիգեն Հակոբյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները։ Ըստ այդմ՝ անցողիկ շեմը հաղթահարել է հինգ քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (32.57%), «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (18,89%), «Մայր Հայաստան» դաշինքը (15,43%), «Հանրապետություն» կուսակցությունը (11,32%) և «Հանրային ձայն» կուսակցությունը (9,68%):

Հանրային ու քաղաքական շրջանակները սա համարում են իշխանությունների ֆիասկոն. ՔՊ-ից դեռ արձագանքներ չկան:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում արձանագրեց՝ իշխանություններն այլևս ձայն չունեն, որպեսզի նույնիսկ Երևան քաղաքում միայնակ ձևավորեն իշխանություն:

Ըստ նրա՝ ընտրողների շուրջ 9 տոկոս մասնակցության պարագայում իշխանությունների արձանագրած այս արդյունքը հատկապես ուշագրավ է. «Ցածրագույն մասնակցության պայմաններում սովորաբար իշխանությունն առավելություն է ունենում իր վարչական ռեսուրսի շնորհիվ, սակայն այս պայմաններում, երևի թե ապահովելով կայուն ընտրազանգվածի մասնակցությունը, իրենք առավելագույնը 32 տոկոսի հասան: Սա բավականին կարևոր քաղաքական արձանագրում է»:

Կարդացեք նաև

Վիգեն Հակոբյանը կարծում է, որ իշխանությունների հերթական ձախողումը շաղկապված է Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների հետ, արտաքին պրոցեսների հետ:

«Այս պարագայում, երբ Նիկոլ Փաշինյանի աշխարհաքաղաքական արժեքը բավականին նվազել է (երբ բոլորը հասկանում են, որ նրա «այո»-ն կամ ստորագրությունը դեռ չի նշանակում, որ ինչ-որ բան կիրականացվի Արցախում), բնականաբար, դա ազդելու էր նաև hայաստանյան ներքին դաշտի վրա:

Բազմիցս ենք արձանագրել, որ 2021 թվականին կար որոշակի աշխարհաքաղաքական, տարածաշրջանային կոնսենսուս Փաշինյանի և նրա իշխանության շուրջ, այժմ այդ կոնսենսուսը չկա, և այդ արտաքին քաղաքական աջակցությունը, որ նա ուներ 2021 թվականին և նաև՝ որի շնորհիվ Ազգային ժողովում իշխանության վերարտադրություն եղավ, այժմ չկա: Սա նույնպես ազդում է, ազդել է ներքաղաքական զարգացումների վրա,- նշեց նա՝ հավելելով, որ

շատ պրոցեսներ, որի վրա աչք էին փակում արտաքին խաղացողները 2021 թվականին, այժմ, ամենայն հավանականությամբ, չեն եղել,- Ոչ բոլորն են լոյալ օրվա իշխանությունների հանդեպ»:

Անդրադառնալով ընտրողների ցածր թվով մասնակցությանը՝ մեր զրուցակիցը նկատեց, որ չի հիշում նման նախադեպ:

«Սա երևի անտիռեկորդ է այդ առումով»,- շեշտեց Վիգեն Հակոբյանը:

Հարցին, թե ի՞նչ գործընթացների պետք է սպասել ընտրություններից հետո՝ քաղտեխնոլոգը պատասխանեց. «Կարծում եմ՝ քաղաքական նոր օրակարգեր կձևավորվեն, որովհետև այսուհետ իշխանության լեզուն կարճանում է՝ իր լեգիտիմության աստիճանի շուրջ, անընդհատ ժողովրդի գործոնի ազդեցություն հիշատակելու հարցում»։

Նա ընդգծեց, որ հետընտրական զարգացումները պայմանավորված են կոալիցիաների ձևավորման կամ չձևավորման հնարավորություններով:

«Ամեն դեպքում այս ընտրություններին թե՛ մասնակցությունը, թե՛ ընտրությունների միջոցով տրամադրությունների մոնիտորինգի արձանագրումը, և թե՛ իշխանության թուլությունը նոր հնարավորություն կարող են ձևավորել շահագրգիռ քաղաքական ուժերի համար: Սա նաև լուրջ մոնիտորինգային ուսումնասիրություն է արտաքին խաղացողների համար, որոնք շահագրգիռ են տարածաշրջանի ու ՀՀ-ի հետ կապված հարցերով. կարծում եմ՝ իրենք նույնիսկ ուշիուշով հետևում էին, թե ինչ տեղի ուենցավ:

Այս ընտրությունները բավականին լուրջ մոնիտորինգ էր, թե իրականում ով ինչ է իրենից ներկայացնում, ինչ ռեսուրս ունի, որն է բլեֆը, որն է քամին, որն է հին օրերի երգը»,- ամփոփեց Վիգեն Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս