
«Զանգեզուրի միջանցք» գոյություն չունի, նույնիսկ Ալիևն է ընդունում, որ նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստում նման պայմանավորվածություն չկար․ Մարուքյան

Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ Բաքուն պայմանավորվածություններ է ձեռք բերել ճանապարհային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում, այնուհետև սաբոտաժի է ենթարկել դրանք։
Այս մասին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով գործակալության հարցին, թե ինչու է ձգձգվում այդ գործընթացը։
Դիտարկմանը, թե Բաքուն հայտարարում է, որ Երևանը տորպեդահարում է հաղորդակցությունների, այդ թվում «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) բացման գործընթացը, Մարուքյանը պատասխանել է․
««Զանգեզուրի միջանցքը», որի մասին խոսում է Հաջիևը (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը – խմբ․), գոյություն չունի, նույնիսկ Իլհամ Ալիևն է ընդունում, որ նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստում նման պայմանավորվածություն չկար, այդ արհեստական նարրատիվն իրենք են մտցրել։ Ինչ վերաբերում է տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը, ապա Հայաստանը, 30 տարի գտնվելով ապօրինի շրջափակման մեջ, շահագրգռված է դրանք բացել կողմերի իրավասության ներքո՝ ինքնիշխանության շրջանակներում, իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա»։