Երևանը Հռոմի ստատուտը վավերացնելու վերաբերյալ առաջարկներ է ուղարկել Մոսկվային. Մարուքյան

Հայաստանը Հռոմի կանոնադրությունը (ստատուտ) վավերացնելու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ առաջարկներ է ուղարկել Ռուսաստանին, այս պահին քննարկում է ընթանում։ ՏԱՍՍ–ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Ինչ վերաբերում է Հռոմի ստատուտին, ապա ես` որպես տեղեկացված մարդ, կարող եմ ասել, որ Ռուսաստանի Դաշնությանն այդ կապակցությամբ առաջարկ է արվել, հանդիպում է տեղի ունեցել, և աշխատանքն ընթանում է։ Պարզ է, որ Հռոմի ստատուտը վավերացվում է ոչ թե ՌԴ–ի դեմ, այլ Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական կողմի կատարած պատերազմական հանցագործությունների պատճառով։ Մեր ռուս գործընկերները քաջատեղյակ են այդ մասին։ Դրանք պետք է դառնան միջազգային քրեական հետապնդման առարկա»,– ասել է Մարուքյանը։

Նա նշել է, որ ՀՀ արտգործնախարարությունը Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության բողոքի նոտային կպատասխանի ընթացակարգերի համաձայն։ Անդրադառնալով այդ ֆոնին հայ–ամերիկյան զորավարժությունների անցկացմանը` Մարուքյանը շեշտել է` դրանք անցկացվում են խաղաղապահ առաքելության շրջանակում։

«Առաջին անգամ անցկացվել են 2011 թվականին, բայց այն ժամանակ հարցեր չեն առաջացել։ Սրանք առաջին զորավարժությունները չեն և խաղաղապահ առաքելության շրջանակում են անցկացվում, որոնց մասնակցում է նաև մեր երկիրը»,– ասել է հատուկ հանձնարարություններով դեսպանը։

Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։

Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց վերսկսել միջազգային պայմանագրի վավերացման գործընթացն ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։

ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։

Սեպտեմբերի 13-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հռոմի ստատուտը վավերացվելու է իր դիրքորոշմամբ և խորհրդարանական գործընկերների լիարժեք աջակցությամբ։
Նա հավելեց նաև, որ այն ոչ մի կապ չունի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների հետ։

Տեսանյութեր

Լրահոս