«Փաշինյանն այնտեղ եղե՞լ է, որ իմանար՝ զինվորը պարտվում է. մեր զինվորը քարով էլ կարող էր կռվել». Գոռ Մուրադյան
Օգոստոսի 5-ին Գյումրիում Համահայկական 8-րդ խաղերի բացման ժամանակ, երբ Ստեփանակերտի թիմը մտել էր դաշտ, Արցախի հերոս, 44-օրյա պատերազմի մասնակից, 30-ամյա Գոռ Մուրադյանը՝ «դավաճան» վերտառությամբ պաստառով, մտել էր դաշտ ու պարզել այն տրիբունայի դիմաց, որտեղ նստած է եղել Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ-ական այլ իշխանավորների հետ։
168.am-ի հետ զրույցում Գոռ Մուրադյանն ասաց, որ այդ քայլով ցանկացել էր ցույց տալ, որ համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ:
«Արձագանքներն այսպիսին էին՝ ով իրեն հայ էր համարում, բնականաբար, լավ էր նայում այդ ամենին, իսկ ով նիկոլական էր ու մտածում էր, որ Արցախը մերը չէ, բնականաբար, լավ աչքով չէին նայում։ Բայց ես մի բանով եմ ուրախ, որ նկատեցի այն մարդկանց, ովքեր չեն ուզում, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում՝ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Յուրաքանչյուրը պետք է այդպես մտածի՝ Արցախը մերն է, ու վերջ, իսկ ով փորձի այդպես չմտածել, ինձ համար նա դավաճան է, ով ուզում է՝ լինի, Նիկոլ Փաշինյանը, թե իմ հարազատ եղբայրը»,- նշեց Գոռ Մուրադյանը։
Մարդիկ խոսքով հայրենասեր են, բայց երբ գալիս է գործելու ժամանակը, քչերն են կանգնում ու դավաճաններին ասում՝ դավաճան: Եվ մեր զրուցակիցն այսպես շարունակեց միտքը.
«Այն ժամանակվանից եմ հասկացել, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է, երբ Արցախը բլոկադայի մեջ էր, ու ինքը ոչ մի բան չէր անում, այն ժամանակվանից, երբ կռվում էիր ու զգում՝ թիկունք չունես։
2016 թվականին երբ կռվում էինք, զգում էինք, որ ուժ ունենք, մեջք ունենք, այս կռվում ես դա չտեսա։
2016 թվականին միշտ հրաման էինք ստանում կրակելու, այս կռվում դա չկար։ 2016 թվականին թիկունքից օգնությունը շուտ էր տեղ հասնում, իսկ այս անգամ շոկոլադ էին բերում կամ քաղցրավենիք, բայց դա զինվորին պետք չէ, զինվորին զենք է պետք»,- հավելեց մեր զրուցակիցը։
Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ զենքը նախկինների ժամանակներից չի եղել, Գոռ Մուրադյանը հակադարձեց, թե նա պարզապես ասում է՝ ասած լինելու համար, շատերը շատ բան են ասում։
«2016 թվականին մենք ոչ մի խնդիր չենք ունեցել, նույնիսկ թշնամին այդ ժամանակ չէր էլ փորձում առաջ գար, որովհետև գիտեր, որ չէր կարող։
Այս պատերազմում մեր 18 տարեկաններն այնքան ուժեղ էին ու արի, որ անհնարին էր նրանց հաղթելը»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ պարտությունը բանակի ուսերին բարդելու հնչեցրած մեղադրանքներին, Գոռ Մուրադյանն ասաց.
«Նիկոլ Փաշինյանն այնտեղ եղե՞լ է, որ մի հատ էլ իմանար՝ զինվորը պարտվում է, մեր զինվորը քարով էլ կարող էր կռվել։
Շուշին անհնարին էր գրավել, ես զարմանում եմ՝ ինչպես են կարողացել գրավել, դա անհնարին բան էր։
Կարծում եմ՝ հիմա պետք է հավաքվենք, դառնանք մեկ բուռ, ինչպես նախկիններում են գնացել եղաններով կռվել, այդպես պահենք մեր հայրենիքը։ Մենք հետ գնալու տեղ չունենք, բոլորս պիտի մտածենք առաջ գնալու մասին ու հիշենք, որ բոլորս ունենք ընկերներ, բարեկամներ Արցախում թողած»,- եզրափակեց Գոռ Մուրադյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում