Բաժիններ՝

Ստանիսլավսկու թատրոնի 86-րդ թատերաշրջանը կմեկնարկի «Բալզամինովի ամուսնությունը» ներկայացմամբ

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 86-րդ թատերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 16-ին Ա. Ն. Օստրովսկու «Բալզամինովի ամուսնությունը» ներկայացմամբ, որի ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն է:

Սեպտեմբեր ամսվա խաղացանկում կլինեն Ն․ Գոգոլի «Վիյ», Ա․ Գուլչինսկայայի «2+2», Ա․ Չեխովի «Բալենու այգին», Հովհ․ Թումանյանի «Քաջ Նազար», Դ․ Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ», Կ․ Միտանիի «Ծիծաղի ակադեմիա» և այլ սիրված ներկայացումներ։

Այս թատերաշրջանի ընթացքում գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը կբեմադրի Ա. Ս․ Պուշկինի «Փոքրիկ ողբերգությունները» (առաջնախաղը կկայանա դեկտեմբերի 15-ին), Նորա Գրիգորյանը կբեմադրի «Երիտասարդ բժշկի գրառումները» պիեսը՝ ըստ Մ. Բուլգակովի պատմվածաշարի․ աշխատանքներն արդեն սկսված են, ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ Վերոնիկա Սարոյանը կներկայացնի Ռ. Կունիի «Հայրիկը սարդոստայնում» կատակերգությունը։

Նախատեսվում է բեմադրել ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Յասմինա Ռեզայի «Սպանդի Աստվածը» (բեմադրիչ՝ Արսեն Խաչատրյան) և Սոֆոկլեսի «Էդիպ արքա» պիեսները (բեմադրիչ՝ Կարեն Ներսիսյան)։

2023 թվականի սեպտեմբերին Կ. Միտանիի «Ծիծաղի ակադեմիա» ներկայացումը կմասնակցի Ղազախստանում անցկացվող «ՏեԱՐՏ-Կոկշե» («TeART-Kokshe») միջազգային թատերական փառատոնին (ք․ Կոկշետաու)։ Ռուսական թատրոնի «Թագավորների խաղը» ներկայացումն ընդգրկված է Խաղաղօվկիանոսյան միջազգային թատերական փառատոնի ծրագրում (ք․ Վլադիվոստոկ), իսկ Դ. Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ» ներկայացումը կմասնակցի «Հայրենակիցներ» («Соотечественники») ռուսական դրամատիկական թատրոնների XVI միջազգային փառատոնին, որը կանցկացվի Սարանսկ քաղաքում (Մորդովիա):

Թատերաշրջանի ընթացքում կլինեն հյուրախաղեր և մասնակցություն փառատոնների: Թատերաշրջանի առաջին հատվածում նախատեսվում է թարմացնել նաև բեմի տեխնիկական հագեցվածությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս