Գյումրու «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի» պատկերասրահում բացվել է IlluminateX-ը ինտերակտիվ ֆոտոցուցահանդեսը
Գյումրու «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի» պատկերասրահում բացվել է Մելինե Գալստյանի անհատական IlluminateX-ը ինտերակտիվ ֆոտոցուցահանդեսը, որին ներկայացված է արվեստագետի 120 լուսանկար: Այս մասին գրում է «Արմենպրեսը»։
Ցուցահանդեսին ֆոսֆորային ներկերի և ուլտրամանուշակագույն լույսերի նորարարական կիրառման միջոցով ներկաները դառնում են համահեղինակներ, երբ նկարում են իրենց ենթադրյալ հավելումները Գյումրու լուսանկարներին: Լուսանկարներն արվել են Գյումրու տարբեր թաղամասերում: Ներկայացված են ինչպես կառույցներ, այնպես էլ մարդիկ:
«Լուսանկարներն արել եմ 4-5 ամիսների ընթացքում՝ քաղաքի տարբեր հատվածներում: Լույսի օգնությամբ լուսանկարներին նոր երանգ տալու գաղափարը վաղուց է եղել, բայց այն կարողացա կյանքի կոչել միայն հիմա: IlluminetX-ը յուրաքանչյուր մասնակցի հնարավորություն է տալիս անջնջելի հետք թողնել քաղաքի պատկերման վրա։ Յուրաքանչյուր այցելու ինքը կարող է որոշել լուսանկարն ու լուսանկարի վրա այն հատվածը, որը ֆոսֆորային ներկերի միջոցով նոր երանգ է ստանում: Ցանկություն ունեմ առաջիկայում այս ցուցահանդեսն ավելի ծավալելու՝ նոր լուսանկարներ ավելացնելով»,-ասում է երիտասարդ արվեստագետը՝ նշելով, որ ցանկություն կա ցուցադրությունը ներկայացնելու նաև Երևանում:
Սա արվեստագետի առաջին անհատական ցուցահանդեսն է: Ցուցահանդեսը կմնա մինչև սեպտեմբերի 16-ը: Ծրագիրը ֆինանսավորվում է «Հանուն ժողովրդավարության ազգային հիմնադրամ»-ի կողմից: