Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, ի շարունակություն ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի միջև օրեր առաջ կայացած հեռախոսազրույցի՝ երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր:
Անդրադառնալով տարածաշրջանում վերջին զարգացումներին՝ Արարատ Միրզոյանը նշել է գործընկերների՝ Հայաստանի հետ սահմանին իրավիճակի սրումը զսպելուն ուղղված ջանքերի և ուղերձների, Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու կարևորությունը: Տարածաշրջանում երկարատև կայունության հասնելու համատեքստում ընդգծվել է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
Երկուստեք վերահաստատվել է երկխոսությունը տարբեր հարթակներում և ձևաչափերով շարունակելու պատրաստակամությունը: