«Արցախում գործում են ՀՀ իշխանության արբանյակները, որոնք ցանկանում են տանել Փաշինյանի գիծը». Հակոբ Հակոբյան
Արցախում նման տրամադրություններ չկան և առհասարակ՝ շատ վտանգավոր է նման թեզեր բերել դաշտ, որովհետև դա նույնն է, ինչ հանձնվելը, նույնն է՝ հետ կանգնել հարյուրավոր տարիների պայքարից, որը հայ ազգը վարում է թշնամիների դեմ։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը՝ անդրադառնալով «Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար Տիգրան Պետրոսյանի գրառմանը, որով դիմել է Արցախի նախագահին ու ԱԺ նախագահին՝ հորդորելով քայլեր ձեռնարկել և արցախահայության համար «հումանիտար միջանցք» բացել։
Հակոբ Հակոբյանն այն կարծիքին է, որ Արցախում նման տրամադրություններ տարածող անձինք պետք է լավ հասկանան, որ այս պայքարը ո՛չ իրենցով սկսվել է, ո՛չ էլ իրենցով ավարտվելու է, հետևաբար՝ նրանք ուղղակի իրավունք չունեն շրջանառել նման թեզեր։ Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը հնարավոր համարեց, որ կգտնվեն որոշ անհատներ, որոնք Արցախը լքելու ցանկություն կունենան.
«Այո, կլինեն մարդիկ, որոնք պայքարի ինչ-որ հանգրվանում կհոգնեն ու ցանկություն կունենան հեռանալու։ Սակայն սա ոչինչ չի նշանակում, դա ժողովրդի կարծիքը չէ, և դրա վառ ապացույցը այս գրեթե 9 ամիսների իրավիճակն է Արցախում, երբ մարդիկ պատրաստ են զրկանքների գնով հասնել իրենց նպատակին։ Արցախցին և առհասարակ հայ ժողովուրդը բազմիցս ցույց է տվել, որ ինքը պատրաստ է սեփական կյանքի որակի հաշվին, կոմֆորտ զոնայի հաշվին պայքարել հանուն այն գաղափարների, որոնք դրվել են մեր նախնիների կողմից, դրանք շարունակվում են, և մենք պարտավոր ենք այդ գաղափարները փոխանցել մեր սերունդներին։ Ուստի մեծ ուշադրություն արժանացնել նման հայտարարությունների կամ նման անձերին, որոնք ուզում են նման վարքագիծ դրսևորել՝ տեղին չէ»,- նշեց Հակոբ Հակոբյանը։
Ինչ վերաբերում է Արցախի նախագահի ընտրության առնչությամբ Թուրքիայի, Ադրբեջանի ու մի քանի այլ երկրների դեմ արտահայտվելուն և այդ ընտրությունները չճանաչելու մասին հայտարարություններին, իսկ Ռուսաստանի Դաշնության չեզոք դրսևորումը՝ ոչ կողմ, ոչ դեմ չարտահայտվելով, Հակոբ Հակոբյանը նկատեց՝ 30 տարի շարունակ Արցախում տեղի են ունեցել ընտրություններ, և բոլոր ընտրություններից հետո եղել են երկրներ, որոնք հայտարարել են, թե անընդունելի է նման ընտրություններ անցկացնել, եղել են նաև երկրներ, որոնք որևէ հայտարարությամբ չեն անդրադարձել այդ ընտրություններին։
«Հատկանշական է այն, որ 30 տարի շարունակ ՀՀ իշխանությունները դրական առումով են խոսել այս ընտրությունների մասին և ողջունել են։ Մենք 30 տարի շարունակ ողջ միջազգային հանրությանը ցույց ենք տվել, որ Արցախի Հանրապետությունը, քանի որ արդեն իսկ կայացած պետություն է, չնայած չեն ճանաչել, սակայն այստեղ տեղի են ունենում ժողովրդավարական գործընթացներ, և շատ հաճախ նշվել է, որ մեր հանրապետությունում ժողովրդավարական գործընթացները և պետությունը, որպես այդպիսին, ավելի մեծ դրական հատկանիշներ ունի, քան Ադրբեջանը։ Այս ընտրություններում, ցավոք, ՀՀ իշխանությունը, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը, հարկ չհամարեց շնորհավորել նորընտիր նախագահին, այստեղ կարևոր չէ, թե ով է ընտրվել նախագահ՝ այդ շնորհավորանքի առումով, այլ հենց այդ շնորհավորանքը ցույց կտար, թե որքան ուժեղ է մեր ինքնորոշման իրավունքը, որը մենք իրացրել ենք, որի արդյունքում ունենք հանրապետություն, որտեղ իրականացվում են ընտրություններ։ Այս ընտրությունների միջոցով է, որ մենք մշտապես կարողացել ենք աշխարհին ցույց տալ, որ քաղաքական սուբյեկտ ենք և ուզում ենք լինել բոլոր ճանաչված պետությունների կողքին։
Ցավոք, մեզ համար սպասելի էր, որ Նիկոլ Փաշինյանը այդպես իրեն կդրսևորի, նա նույնիսկ ինքն իրեն գերազանցեց՝ ասելով՝ ոչ թե Արցախի նախագահ, այլ՝ Արցախի ժողովրդի առաջնորդ։ Կարծում եմ՝ նաև զարմանալի չէ, որ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն ամեն անգամ գերազանցում է՝ հակաարցախյան արտահայտություններով»,- հավելեց մեր զրուցակիցը։
Քաղաքական գործչի գնահատմամբ՝ Արցախի նորընտիր նախագահին չշնորհավորելու պատճառը Նիկոլ Փաշինյանի վախերն են, նաև այն միջազգային իրավիճակն է, որը ձևավորվել է Հայաստանի շուրջ, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի շուրջ։
Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը բացելու և հումանիտար բեռներ տեղափոխելու առնչությամբ Հակոբ Հակոբյանն ասաց, որ այդ երևույթն ու դրա շուրջ ծավալվող զարգացումներն առհասարակ անհանգստացնող են: Խնդրին ինչ-որ կերպ անդրադառնալիս պետք է ավելի ազնիվ մոտեցում ցուցաբերել, չհատել «կարմիր գծերը»:
«Կարծում եմ՝ Արցախի համար «կարմիր գիծ» էր հանդիսանում Հայաստանի հետ ցամաքային անխոչընդոտ ճանապարհ ունենալը։ Եվ այսօր Ակնա-Ասկերան ճանապարհի հարցն ի հայտ է եկել հենց այդ «կարմիր գիծը» հատելու պատճառով։ Սա հետևանք էր այն բանի, որ ՀՀ իշխանությունը չկարողացավ պահպանել Բերձորի միջանցքի անխափանելիությունը, որի արդյունքում գոյացավ այս ամբողջ խնդիրը։ Իհարկե, սա ծանր որոշում է, սակայն մենք պետք է կարողանանք այս ծանր որոշումների մեջ պահպանել մեր դեմքը, ցույց տալ, որ Արցախի իշխանությունը, արցախահայությունը նույնիսկ այս ծանր իրավիճակում կարող են որոշում ընդունել և այդ որոշումը ներկայացնել հանրությանը և կատարել։ Իհարկե, եթե հատված է մեր այն «կարմիր գիծը», որ մենք այլևս Հայաստանի հետ չունենք անխափան ու անխոչընդոտ ցամաքային ճանապարհ, իհարկե առաջ են գալու նման խնդիրներ»,- նշեց Հ. Հակոբյանը։
Հակոբ Հակոբյանի փոխանցմամբ՝ Արցախում առկա ոչ այնքան հարթ ներքաղաքական գործընթացների պատճառը կրկին ՀՀ իշխանություններն են ու նրանց արցախյան արբանյակները։
«Բազմիցս ասել ենք, որ Արցախում գործում են ՀՀ իշխանության արբանյակները, որոնք ցանկանում են Արցախում ներկայացնել ու տանել այն գիծը, որը տանում է Նիկոլ Փաշինյանը։ Բնականաբար, նոր նախագահի ընտրությամբ նրանք ամեն ինչ անելու են, որպեսզի կարողանան դիմակայել դրան։ Երբ այս ամենին սկսում են օգնել Հայաստանից, ապա պատկերը դառնում է ամբողջական։ Արցախում ընտրվել է նոր նախագահ, սակայն Հայաստանում որոշ շրջանակներ խոսում են նրա լեգիտիմության մասին, այն պարագայում, երբ մեր Սահմանադրությունը թույլ է տալիս նախագահ ընտրել՝ ինչպես ուղղակի, այնպես էլ՝ անուղղակի»,- եզրափակեց Հակոբ Հակոբյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում