Ադրբեջանական կուտակումներին պետք է լուրջ վերաբերվել. հայկական կողմի առաջարկներից արձագանք չկա. Սարգիս Խանդանյան
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ևս մեկ անգամ ընդգծեց՝ հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության առնչությամբ որևէ բան չի փոխվել։
Հարցին, թե Հայաստանի իշխանությունը մեղավո՞ր է Բերձորի միջանցքի փակման համար, որովհետև այն տեղի ունեցավ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո, իշխանական պատգամավորը պատասխանեց.
«Դե, այստեղ կարող ենք ժամանակագրորեն այլ բաներ էլ հիշել ու ասել՝ այ սրանից հետո Լաչինի միջանցքը փակվեց։ Ոչ, Հայաստանի իշխանությունը մեղավոր չէ, մեղավորն Ադրբեջանն է, Ադրբեջանն է փակել Լաչինի միջանցքը»,- նշեց Ս. Խանդանյանը։
Նրա գնահատմամբ՝ Լեռանային Ղարաբաղում իրավիճակը բարելավելու և ընդհանրապես, Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը պաշտպանելու տեսանկյունից կարևոր է Լաչինի միջանցքի անհապաղ բացումը։
Ինչ վերաբերում է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացմանը, իշխանական պատգամավորը հրաժարվեց դրա վերաբերյալ մեկնաբանություն տալ։
«Դա Լեռնային Ղարաբաղի իշխանությունների և ժողովրդի որոշելիքն է, և չեմ կարծում, որ այստեղ Հայաստանը պետք է միջամտի։
Արցախից մենք տեղեկատվություն ենք ստանում շարունակվող հումանիտար ճգնաժամի մասին, վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ, այդ տեղեկատվությունը փոխանցում ենք մեր միջազգային գործընկերներին և խոսում ենք այդ մասին։
Ինչ վերաբերում է հարցին, թե շփումներ ու բանակցություններ արդյո՞ք կան, ինքս այդ տեղեկատվությանը չեմ տիրապետում»,- հավելեց պատգամավորը։
Հայաստանի Հանրապետության սահմանին ադրբեջանական զորքի կուտակումների մասին էլ ՔՊ-ական պատգամավորն ասաց, որ սահմանում կուտակումները վկայում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության շարունակության մասին, ստանձնած պարտավորությունները չկատարելու և հարցերն ուժի միջոցով լուծելու մասին։
«Սրան պետք է աչալրջորեն վերաբերվել։ Գիտեք, որ բազմաթիվ միջազգային շփումներ են տեղի ունեցել այս ընթացքում, որպեսզի Ադրբեջանի վրա ճնշումն ավելացվի, և ուժի կիրառմամբ չփորձի ուժի միջոցով որևէ հարց լուծել»,- շեշտեց նա՝ հավելելով, որ միևնույն է, Հայաստանը չի հրաժարվում խաղաղության օրակարգից։
Ի դեպ, Սարգիս Խանդանյանը նաև տեղեկացրեց, որ Խաղաղության պայմանագրի քննարկումների շրջանակում հայկական կողմից Ադրբեջանին փոխանցված առաջարկների վերաբերյալ Ադրբեջանից արձագանք դեռևս չկա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում