Կանադան ՀՀ-ում հոկտեմբերին դեսպանատուն կբացի. նախագահն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիսն Մարի ԼըՔըլերին (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։
Ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել հայ-կանադական հարաբերությունների զարգացման գործում Ձեր կատարած աշխատանքի համար:
«Կանադան այն երկրներից է, որը շատ արագ ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը: Դա 1992 թվականի հունվարն էր: Դրանից հետո մեր հարաբերություններն ունեցել են դինամիկ զարգացում, իսկ վերջին տարիներին մեր համագործակցությունն ավելի է ակտիվացել: Մենք չենք մոռացել հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Կանադայի աջակցությունը, որը քաղաքական և այլ մակարդակներում ցույց տրվեց Հայաստանին: Հիմա այդ զարգացման արդյունքում է, որ Կանադան հոկտեմբերին այստեղ դեսպանատուն կբացի: Վստահ եմ՝ դա նոր խթան կլինի մեր հարաբերությունների զարգացման համար»,-ասել է նախագահ Խաչատուրյանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը նշել է, որ իր համար մեծ պատիվ էր ներկայացնել Կանադան Հայաստանում:
«Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից և շնորհակալություն հայտնել Ձեր աշխատակազմին, բոլոր պաշտոնատար անձանց: Մեր համագործակցությունը եղել է կառուցողական, դրական և հեռանկարային՝ չնայած իմ պաշտոնավարման ընթացքում Հայաստանը շատ դժվարին ժամանակներ է ունեցել և շարունակում է դրանց դիմագրավել: Այդ դժվարին ժամանակահատվածում նաև հնարավորություն է եղել մեծ ներդրում ունենալ հայ-կանադական հարաբերությունների զարգացման գործում»,-ասել է դեսպանը:
Նա նշել է, որ ակտիվ և մոբիլիզացված սփյուռք կա Կանադայում և, չնայած տխուր է, որ հեռանում է, սակայն միևնույն ժամանակ հաճելի է իմանալ, որ հեռանում է ՝ թողնելով նոր դեսպանատուն, նոր դեսպան, որը, ինքը վստահ է, որ շատ լավ գործ է անելու: «Թողնում եմ հարթակ, որը կնպաստի մեր հարաբերությունների զարգացմանը՝ հատկապես առևտրատնտեսական ոլորտում: Գիտենք, որ բավական մեծ աճ կա այս ոլորտում, սակայն շատ ավելին է հնարավոր անել»,-ասել է նա:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-կանադական հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ կատարվող քայլերն ու առկա ներուժի իրականացման հնարավորությունները: Երկուստեք շեշտվել է հոկտեմբեր ամսին Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման կարևորությունը, ինչը հավելյալ խթան կհանդիսանա երկու երկրների համագործակցության հետագա սերտացման համար:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերներին և ընդհանուր իրողություններին: Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման և առկա հիմնախնդիրները բացառապես քաղաքական ու բանակցային ճանապարհով լուծելու իր դիրքորոշման մեջ: