«Ի՞նչ է նշանակում Ուկրաինային հումանիտար օգնություն ուղարկել՝ այն Ուկրաինային, որը պատերազմի ժամանակ օգնում էր Ադրբեջանի՞ն». Նիկոյան

ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը համոզված է՝ եթե պարտված ղեկավարը շարունակում է ղեկավարել, արդյունքը լինում է այնպիսին, ինչպիսին Հայաստանի դեպքում է: Հանրապետական գործիչը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի մի հայտարարություն անցյալից.

«2008 թվականին Նիկոլը Սահակաշվիլու վերաբերյալ ասեց՝ Սահակաշվիլին՝ որպես պարտված ղեկավար, պետք է հեռանա և իր հետ տանի պարտությունը, այլապես, եթե մնում է, այդ պարտությունը փաթաթում է ազգի և պետության վզին, որի տակից ազգը երկար տարիներ չի կարող դուրս գալ:

Հիրավի, խելոք մտքեր է ասել Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր էր: Ինքը խորհուրդ էր տալիս, որ այդպես վարվի, բայց ինքն այդպես չարեց»:

Ըստ բանախոսի՝ նա պետք է հեռանա, որովհետև նախ՝ սթափ վիճակում արտահայտել է այդ միտքը, ապա նաև՝ 2018 թվականից հետո՝ ազգակործան սխալների պատճառով, որոնք պետության վրա ծանր հետևանքներ ունեցան:
«Պատերազմից առաջ ինքը փոխել է Արցախի հրամկազմը՝ մոտավորապես 80 տոկոսով, բերել էր նոր մարդիկ: Պատերազմից առաջ բերել էր նոր մարդիկ, որոնք, բնական է, չէին կարող տիրապետել այդ իրավիճակին, և պատերազմը ցույց տվեց, որ նրանք չկարողացան տիրապետել իրավիճակին: Չգիտեմ՝ դիտավորյա՞լ, թե՞ չիմացությամբ, թե՞ ինչ պատճառով. նաև այս փոփոխությունը բերեց պարտության»,- ի թիվս այլ սխալների՝ նշեց Սամվել Նիկոյանը:

Կարդացեք նաև

Նա շեշտեց, որ երկար տարիներ ՀՀ-ի թեկուզև փխրուն խաղաղությունը ռազմաքաղաքական հավասարակշռության արդյունք էր, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի ձեռքով այդ հավասարակշռությունը խախտվեց:

«Երբ քաղաքական գործոնը բացակայում է, սկսում է թուլանալ, արդեն Ադրբեջանի ռազմական գործոնի առավելությունն ակնհայտ է դառնում:

Իսկ ի՞նչ արեց Նիկոլը. Նիկոլը փառահեղ ձևով սկսեց տապալել հայ-ռուսական հարաբերությունները,- շեշտեց բանախոսը, ապա որպես այդ հարաբերությունները խախտելու վերջին օրինակ՝ խոսեց Աննա Հակոբյանի՝ Ուկրաինա բեռներ տանելու մասին,- Ակնհայտ է, չէ՞, դա ինչ է նշանակում. դա ևս մեսիջ է Արևմուտքին և հարված ՌԴ-ին՝ այն դեպքում, երբ դու չես կարող հարվածել. քո քաշ ու կշիռը, քո պետության դերն այսօր մոլորակում ոչինչ է:

Ի՞նչ է նշանակում Ուկրաինային հումանիտար օգնություն ուղարկել՝ այն Ուկրաինային, որը պատերազմի ժամանակ օգնում էր Ադրբեջանի՞ն:

Ուկրաինայի ժողովրդի հետ որևէ խնդիր չունեմ, բայց Ուկրաինայի իշխանությունները պատերազմի ընթացքում ամեն ինչով օժանդակել են Ադրբեջանին և շնորհավորել են Ադրբեջանին՝ հաղթանակի կապակցությամբ:

Դու ի՞նչ ես անում. դրանով դու փորձում ես վիրավորել, ցավեցնել ՌԴ-ին, որ ի՞նչ, ի՞նչ խնդիր ես ուզում լուծել: Դու թշնամություն ես անում ՌԴ-ի դեմ՝ ստանալով ոչինչ: Դու այդ ոչնչի փոխարեն՝ մեր բարեկամին դարձնում ես մեր պետության թշնամի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս