Ալիևը կարգադրել է դեպի Լաչին տանող նոր ճանապարհ կառուցել
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել Ենի-Կուբաթլու տանող ավտոմոբիլային ճանապարհի նախագծման և կառուցման մասին:
Նոր ճանապարհը կսկսվի Խուդաֆերին-Կուբաթլու-Լաչին ճանապարհի 33-րդ կիլոմետրից:
Համաձայն կարգադրության՝ Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությանը այդ ճանապարհը կառուցելու համար երկրի պետբյուջեից հատկացվել է 20 միլիոն մանաթ գումար:
Դեռևս 2021-ին էր հայտնի դարձել, որ Ադրբեջանը ճանապարհ է կառուցում դեպի Լաչին. Խուդաֆերին-Կուբաթլու-Լաչին մայրուղին կանցնի Զանգելանի (Կովսական), Կուբաթլուի (Որոտան) և Լաչինի (Քաշաթաղ) շրջանների տարածքով: Այն կընդգրկի 30 բնակավայր:
Ավելին, նույն տարում Ալիևը հայտարարել էր, որ Քելբաջարի (Քարվաճառ) և Լաչինի (Քաշաթաղ) շրջաններում ռազմական ճանապարհների շինարարություն է իրականացվում, ճանապարհների ընդհանուր երկարությունը մինչև 700 կմ:
«Ռազմավարական տեսանկյունից և մեր սահմանների ամրապնդման տեսանկյունից այդ ճանապարհները շատ կարևոր են»,-նշել էր նա:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը