Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետևանքներն աստիճանաբար դուրս են գալու ջրի երես. Ի՞նչ է սպասվում միջանցքի բացումից հետո

Լաչինի միջանցքը, անշուշտ, մի օր բացվելու է և վերականգնվելու է ոչ միայն քաղաքացիների, այլև բեռների տեղաշարժը։ Բայց այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում և Ադրբեջանի մաս, ինչին հաջորդեց Հակարիի կամրջի երկկողմանի փակումն ու ադրբեջանական անցակետի տեղադրումը, այն գործելու է բոլորովին այլ ռեժիմով։

Ռեժիմ, որը նվազեցնելու է Արցախի սուբյեկտայնությունը, ավելացնելու է Բաքվի վերահսկողությունը և լինելու է Ադրբեջանի հետ Արցախի, այսպես կոչված՝ տնտեսական ինտեգրացման, թերևս, առաջին քայլը։

Այլևս չի լինելու բեռների ազատ տեղաշարժը։

Հիշեցնենք, որ նախկինում Հայաստանի և Արցախի միջև, որպես այդպիսին, մաքսային սահման չի գործել։ Բեռներն ազատ տեղափոխել են՝ առանց մաքսազերծելու։

Կարդացեք նաև

Լաչինի միջանցքի բացումից հետո Ադրբեջանը պահանջելու է բեռների տեղափոխումն իրականացնել այնպես, ինչպես սովորաբար իրականացվում է մի երկրից՝ մեկ այլ երկիր։

Այլ կերպ, եթե շարունակվի այն, ինչ ձեռք ձեռքի տված անում է Նիկոլ Փաշինյանը, Շառլ Միշելի և Ալիևի հետ, բեռները Հայաստանից Արցախ անցնելու են Լաչինի միջանցքում հավանաբար շուտով գործարկվող ադրբեջանական մաքսակետով։

Դրանք մաքսազերծվելու են այդ անցակետում, նոր մտնեն Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի ամբողջականության մեջ ճանաչված Արցախի տարածք։

Մաքսատուրքերն ու մյուս վճարներն էլ գնալու են ոչ թե Արցախի, այլ Ադրբեջանի բյուջե։

Այն, ինչ հիմա նախապատրաստվում է Եվրամիության հովանու ներքո, տանում է սրան։

Այդ մասին օրերս իր հնչեցրած՝ «եկել է համարձակ փոխզիջումային լուծումների ժամանակը» տխրահռչակ հայտարարությամբ, ակնկարկեց նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Ըստ նրա, Բաքուն պետք է հստակություն մտցնի Լաչինի միջանցքի տեղաշարժի ընթացակարգերի վերաբերյալ։ Ենթադրվում է, որ այդ ընթացակարգերը վերաբերելու են ոչ միայն քաղաքացիների տեղաշարժերին, այլև բեռների տեղափոխմանը։

Եվ սա պետք է որ նորություն չլինի Հայաստանի իշխանությունների համար։

Վերջին քննարկումների առանցքում եղել են ոչ միայն ճանապարհների, այլև առաքվող բեռների տեսակներն ու առաքման ընթացակարգերը։

Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ու մյուս պաշտոնյաները հայտարարում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, այլ բան թերևս չի էլ կարող սպասել։ Դա մի օր, ուզած թե չուզած, բերելու է սահմանին ադրբեջանական մաքսակետի տեղադրման։

Այս մասին Հայաստանի իշխանությունները, բնականաբար, չէին կարող չիմանալ։ Իմանալով հանդերձ, գնացել են դրան ու ևս մեկ պայման ստեղծել՝ Արցախի տնտեսությունն Ադրբեջանի հետ ինտեգրելու համար։

Դժվար չէ պատկերացնել, թե սա ինչ է նշանակում, ինչպես զուտ տնտեսական ու ֆինանսական, այնպես էլ քաղաքական առումով։ Բայց դա այն է, ինչին տանում են սկսված պրոցեսները։

Դրա հետևանքները շատ ավելի խորը կարող են լինել, քան կարելի է պատկերացնել առաջին հայացքից բացառապես միայն ադրբեջանական մաքսակետի տեղադրումով ու Արցախ գնացող բեռների մաքսազերծումով։

Հայաստանի իշխանությունների չգիտակցված կամ միտումնավոր արված քայլերի հետևանքով՝ Ադրբեջանն արդեն բարձրացնում է նաև նախորդ տարիներին Արցախ առաքված բեռների մաքսատուրքերի հարցը՝ համարելով, որ Հայաստանը պետք է ֆինանսական փոխհատուցում տա Ադրբեջանի բյուջեի գումարները յուրացնելու համար։

«30 տարվա ընթացքում Հայաստանը խախտել է Ադրբեջանի մաքսային ռեժիմը, մաքսատուրքեր կիրառել իր կողմից ներմուծվող ապրանքների վրա, որով հսկայական միջոցներ է վաստակել և մեծ վնաս հասցրել Ադրբեջանի բյուջեին՝ ապահովելով այդ ապրանքների ներկրումն ադրբեջանական տարածք։

Դա նույնպես պետք է առանձին դիտարկել։

Սա փոխհատուցման այլ թեմա է, որը հայկական կողմը պետք է վճարի Ադրբեջանին։

Կարծում ենք, որ դա հարց է, որը նույնպես կլուծվի առանձին իրավական հարթություններում»,- ասում է Ադրբեջանի նախագահի օգնականը։

Բայց սրանք լինելու են միայն առաջին ծիծեռնակները։ Եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն նույն ջանասիրությամբ Արցախը համարել Ադրբեջանի մաս, ինչն ինքնըստինքյան նաև ինտեգրացիոն պրոցեսներ է ենթադրում, հաջորդիվ շատ ավելի ծանր խնդիրներ են առաջ գալու։ Ոչ միայն ցանկանալու են մաքսատուրքեր գանձել Հայաստանից բեռների տեղափոխման ժամանակ, այլև բազմաթիվ այլ տնտեսական ու ֆինանսական պահանջներ են առաջ քաշելու։

Դրանց դեռ ժամանակ կլինի անդրադառնալ։ Այս պահին առաջնայինը Լաչինի միջանցքում ակնկալվող ռեժիմների ու բեռների տեղափոխման ընթացակարգերի հաստատման թեման է, որն առաջ է մղվում և ենթադրում է նաև ադրբեջանական մաքսակետի տեղադրում՝ իր հնարավոր բացասական հետևանքներով։

Եթե այն իրականանա, ապա ամիսներ շարունակվող շրջափակումից հետո Արցախը կհայտնվի մեկ այլ իրողության մեջ, որն էլ ավելի վտանգավոր կլինի, քան անգամ այսօրվա տոտալ շրջափակումը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս