ՆԱՏՕ-ի «բարձրաստիճան պաշտոնյան» Հայաստանին կոչ չի արել միանալ դաշինքին. Civilnet
Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ սեպտեմբերի 4-ին տեղեկություն են տարածել՝ իբր ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյա կոչ է արել Հայաստանին միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին՝ ՆԱՏՕ-ին:
Civilnet-ի փոխանցմամբ`Լրատվամիջոցները նշել են, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին այդ առաջարկով դիմել է «ՆԱՏՕ-ի ընդլայնման եվրոպական կոմիտեի նախագահ» Գյունտե Ֆելինգերը և կցել են նրա թվիթերյան գրառումը։
Տեղեկությունը տարածել են armtimes.com, civic.am, lragir.am, aravot.am, mamul.am, hraparak.am, lurer.com լրատվական կայքերը, Баграмян26, Инфотека24, և Миротворец տելեգրամյան ալիքները, ինչպես նաև ռուսական պետական Риа Новости, Тасс, Интерфакс, РТ, Газета.ru, mk.ru, lenta.ru, ադրբեջանական apa.az, haqqin.az լրատվական գործակալությունները:
Իրականում, սակայն, Ֆելինգերը ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյա չէ և առհասարակ որևէ պաշտոն չի զբաղեցնում։ Նման մարմին ՆԱՏՕ-ի կառուցվածքում առկա չէ. Reuters-ին պաշտոնապես հայտնել են ՆԱՏՕ-ից։ Ֆելինգերը ևս անձամբ խոստովանել է, որ պաշտոն չի զբաղեցնում և իր գրառումները «որևէ պաշտոնական դիրքորոշում չեն ներկայացնում»։
Ավելին, Ֆելինգերը անգամ ընդունել է, որ «ՆԱՏՕ-ի ընդլայնման եվրոպական կոմիտեն», որը հաճախ ներկայացվում է որպես հասարակական կազմակերպություն, ևս գոյություն չունի։ Նրան լրատվամիջոցները հաճախ են սխալմամբ որպես ՆԱՏՕ-ի պաշտոնյա ներկայացնում և Ֆելինգերը բազմիցս է կեղծ լուրերի և սկանդալների առիթ դարձել։