
Փառաբանության մեջ նաև ապաշխարություն կա

– Հա՛յր, ես չեմ ճգնում ինչպես հարկն է, և դա ինձ վշտացնում է:
– Տե՛ս, փառաբանի՛ր Աստծուն:
– Ես ավելի շատ ներում եմ հայցում Աստծուց, քան փառաբանում եմ:
– Դա նույնպես լավ է, բայց ավելի լավ է փառաբանել Նրան: Փառաբանության մեջ նաև ապաշխարություն կա, որը աստվածային մխիթարություն է բերում, քանի որ խոնարհություն է պարունակում իր մեջ: «Փա՜ռք Քեզ, Տե՛ր»,- նշանակում է նաև «ներիր ինձ, Տե՛ր Աստված, ներիր մեղքերս, որպեսզի փառաբանեմ Քեզ այնպես, ինչպես հրեշտակներն են փառաբանում»:
– Երբեմն աղոթքս սկսում եմ ոչ թե Աստծուց ներում հայցելուց, այլ փառաբանությունից: Միգուցե դա սխա՞լ է:
– Այդպես էլ արա: Մի՞թե չասացինք, որ փառաբանությունը հենց ապաշխարություն է: Փառաբանության հակված են կենսուրախ մարդիկ: Տե՛ս, եթե մեկը նախանձախնդրորեն շատ է ափսոսում իր անկումներից որևէ մեկի համար և ապա ապաշխարում է, դրանով գորովանքով է լցնում Աստծու սիրտը: Մեկը, ապաշխարելով, երախտագիտություն է հայտնում Աստծուն և փառաբանում է զօր ու գիշեր, որ ազատել է իրեն նախկին մեղսալից կյանքից, և Աստված ուրախանում է Իր զավակի նախանձախնդրությամբ:
Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը