«Այս պահին ամեն ինչ հասցնում ենք, բայց եթե շրջափակումը շարունակվի, խնդիրները կմեծանան». Չլդրանի գյուղապետ
258-րդ օրն է՝ Արցախի Հանրապետությունը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ։ Հումանիտար ու անվտանգային խնդիրներն Արցախում աստիճանաբար սրվում են, իսկ դրան զուգահեռ՝ Ադրբեջանը հայտարարում է, թե միջազգային որևէ ճնշում չի կարող իրեն հետ պահել իր նպատակներից։ Իսկ Ալիևն իր նպատակները երբեք չի թաքցրել՝ արցախահայության ցեղասպանություն և Արցախի հայաթափում։
Այս ամենին հասնելու համար Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ մի կողմից թույլ չի տալիս, որ հումանիտար որևէ օգնություն մտնի Արցախ, իսկ մյուս կողմից՝ կրակում է դաշտերում իրենց ցորենի բերքը հավաքող խաղաղ բնակիչների վրա։
168.am-ի հետ զրույցում Մարտակերտի շրջանի Չլրդան գյուղի ղեկավար Աշոտ Ղուլյանն ասաց, որ ի տարբերություն այլ գյուղերի, Չլդրանում իրավիճակը մի փոքր լավ է։
«Այս պահին ամեն ինչ հասցնում ենք, մեծ խնդիր դեռևս չկա, բայց եթե շրջափակումը շարունակվի, ապա խնդիրները կմեծանան՝ ձեթ է, շաքարավազ է, նման բաներ չենք ունենա։ Ալյուրի, հացի խնդիրը լուծվում է, ցորենը հավաքել, տարել՝ ալյուր արել, բերել ենք, գյուղի բնակիչների մեծ մասն ալյուր ունի։ 20 ընտանիք է, որ ալյուրի խնդիր ունի, բայց աշխատում ենք, որ այդ հարցերը լուծենք։ Բայց կրկնում եմ, եթե այսպես շարունակվի, շաքարավազի ու ձեթի խնդիր է լինելու։ Երեխաները մի քանի օրից դպրոց պիտի գնան, բա շաքարավազ չլինի՞, մի բաժակ թեյ խմեն՝ գնան»,- նշեց Աշոտ Ղուլյանը։
Նա տեղեկացրեց, որ դիզվառելիքի շատ մեծ խնդիր ունեն, միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում են փորձում մեքենայով որևէ տեղ գնալ, մեծ մասամբ՝ մարդկանց հիվանդանոց տանելու դեպքում են օգտագործում դիզվառելիքը։
«Մինչև հիմա կապ ենք պահում շրջվարչակազմի հետ ու նման դեպքերում արագ փորձում ենք ամեն ինչ կազմակերպել։ Հավատացեք, խիստ անհրաժեշտության դեպքում ենք հիվանդներին հասցնում հիվանդանոց, մի քանի հոգի ենք հավաքում, որ միասին տանենք»,- շեշտեց նա։
Չլդրանի գյուղապետն ասաց, որ չպետք է Արցախում ստեղծված իրավիճակը դիտարկվի՝ որպես հումանիտար խնդիր, քանի որ այստեղ արցախահայության անվտանգության հարցն է։
«Սա ոչ միայն հումանիտար խնդիր է, այլև անվտանգության։ Օրինակ, Չլդրանը սահմանամերձ չէ, այստեղ կրակոցներ չկան, հետևաբար՝ մենք հարակից գյուղերի ուղղությամբ եղած թշնամու կրակոցները չենք տեսնում, բայց շատ լավ գիտենք, թե այդ ամենն ինչ է նշանակում։ Մարդիկ կողքի գյուղերում չեն կարողանում իրենց դաշտ մտնել, բայց մեր գյուղում չկա այդ խնդիրը»,- հավելեց Աշոտ Ղուլյանը և ընդգծեց, որ չի կարող ասել, թե ինչպես է պետք լուծել ստեղծված իրավիճակը, պարզապես այդ մասին չի ցանկանում բարձրաձայնել։
Հիշեցնենք, որ Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը՝ Բերձորի միջանցքը, փակ է նախորդ տարվա դեկտեմբերի 22-ից։ Ադրբեջանական շրջափակման հետևանքով Արցախում արդեն գրանցվել է սովամահության դեպք։