Հայկ Մարությանի ղեկավարած «Ազգային առաջընթաց» խմբակցության նվերը Փաշինյանին
Երևանի մի քանի փողոցների անվանափոխության հարցն է դրված:
Այսպես՝ «Ազգային առաջընթաց» խմբակցությունն առաջարկում է Երևանի Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում գտնվող Լենինգրադյան փողոցն անվանափոխել Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր Աշոտ) անվամբ:
Ուշագրավ է, որ Աշոտ Ղուլյանի անվամբ փողոց անվանակոչելու մի առաջարկ էլ կա «Մայր Հայաստան» խմբակցության կողմից: Առաջարկում են «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող Շահումյան 6-րդ փողոցը, նրբանցքն ու փակուղին անվանակոչել Աշոտ Ղուլյանի անվամբ (Բեկոր Աշոտ):
Թե որ փողոցը կանվանվի Բեկորի անվամբ, կորոշի Երևանի ավագանին իր առաջիկա քվեարկությամբ:
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն էլ առաջարկ է ներկայացրել Երևանի Սիլիկյան նոր խճուղուց մինչև Տիչինայի փողոցն ընկած չանվանակոչված փողոցն անվանակոչել հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Բարսեղյանի անվամբ:
Նույն խմբակցության առաջարկով հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի անվամբ կկոչվի Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող Տիգրան Պետրոսյան փողոցին հարող չանվանակոչված տարածքը:
Իսկ ահա նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ղեկավարած «Ազգային առաջընթաց» խմբակցության առաջարկով՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող Ամիրյան փողոցը թերևս կանվանափոխվի ու կկոչվի «Պապ թագավոր» փողոց: Սա, թերևս, նվեր է Նիկոլ Փաշինյանին, որը, շատ հաճախ առանց պատմությունը դույզն-ինչ իմանալու, այսինքն՝ աղավաղելով պատմությունը, հղում է անում նրան: