Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը մեծացնում է ճնշումը Սպիտակ տան և Կոնգրեսի վրա

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակաբար մեծացնում է ճնշումը նախագահ Բայդենի վարչակազմի և Կոնգրեսի վրա՝ կոչ անելով վերջիններիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ներկայացնել Արցախի քրիստոնյա բնակչության ցեղասպանական շրջափակումը քննադատող բանաձև։ Այս մասին հգայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի էլեկտրոնային հատուկ հարթակների միջոցով ավելի քան 200․000 գրություններ են ուղարկվել նախագահ Բայդենին, փոխնախագահ Հարիսին և ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների անդամներին՝ կոչ անելով «կանխել Լեռնային Ղարաբաղում (Արցախում) վերահաս ցեղասպանությունը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ավելի քան 250 օր շրջափակման հետևանքով։ Այն Արցախը Հայաստանին կապող միակ մարդասիրական փրկօղակն է»։

Հասցեատերերից մասնավորապես պահաջնջվել է․

ՄԱԿ Անվտանգության խորհրդում առաջնորդել համապատասխան բանաձև՝ դատապարտելու Արցախի ադրբեջանական շրջափակումը և Լաչինի միջանցքի անհապաղ բացման կոչ անել՝ Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավակիրառություն ենթադրող ժամանակավոր միջոցի կիրառման վերաբերյալ որոշման համաձայն։

Դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական և անվտանգային օժանդակությունը և ամբողջապես կիրառության մեջ դնել Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի պահանջները (907-րդ բանաձև)։

Արցախում ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած հայ բնակչության համար ապահովել ամերիկյան մարդասիրական օժանդակություն։

Արցախի ցեղասպանական շրջափակման համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ կիրառել ամերիկյան օրենսդրությամբ սահմանված պատժամիջոցներ։

Ինչ վերաբերում է ԱՄՆ պետական իշխանության գործադիր թևի վրա կոնգրեսական ճնշումներին, նկատենք, որ ՄԱԿ ԱԽ-ում Հայաստանի դիմումով գումարված քննարկման նախօրեին՝ օգոստոսի 15-ին, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և սենատոր Ալեքս Պադիլան նամակով դիմել են ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ և ԱԽ ներկայիս նախագահ Լինդա Թոմաս-Գրինֆիլդին՝ հորդորելով վերջինիս բանաձև ներկայացնել՝ Ադրբեջանից պահանջելով անմիջապես դադարեցնել Արցախի ութամսյա շրջափակումը։

Օգոստոսի 14-ին նախագահ Բայդենին նամակ է հղել Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ադամ Շիֆը, որը նույնպես կոչ է արել ԱՄՆ-ին առաջնորդել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բանաձև, որն Ադրբեջանից անհապաղ կպահանջի կատարել Արդարադատության միջազգային դատարանի հրամանները։ Շիֆը մասնավորապես նշել է․ «Չնայած ԱՄՆ կառավարությունը, Եվրոպական Միությունը, ՄԱԿ-ի փորձագետները և Ռուսաստանը դատապարտել են շրջափակումը և կոչ արել կանոնավոր երթևեկության համար բացել միջանցքը, Ադրբեջանը ամիսներ շարունակ անտեսում է նման հայտարարությունները։ ԱՄՆ Պետդեպարտամենտը և USAID-ը փորձել են դիվանագիտական ճանապարհով վերջ դնել Ալիևի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը, սակայն հայտարարությունների և նման կոչերի ժամանակն ակնհայտորեն վաղուց անցել է։ Միացյալ Նահանգները պետք է կոնկրետ գործողություններ ձեռնարկի և անհապաղ օգտագործի այլ գործիքներ՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա՝ վերադառնալու միջազգային իրավունքի և կարգի պահանջներին»։

Ադամ Շիֆն օգոստոսի 22-ին վիդեոուղերձ է հրապարակել՝ ԱՄՆ կառավարությանը կրկին կոչ անելով առաջնորդել ՄԱԿ ԱԽ բանաձև և կիրառել «907-րդ հոդվածի» պահանջները՝ դադարեցնելով ԱՄՆ ռազմական օժանդակությունն Ադրբեջանին։

Արցախի ադրբեջանական շրջափակման դադարեցման ուղղությամբ ԱՄՆ կառավարության հստակ անելիքների հրատապ անհրաժեշտության մասին հանդես են եկել նաև Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Թոնի Քանդերասը, Ջուդի Չուն, Ռաջա Կրիշնամըրֆին, Սեթ Մագազիները, Ջիմ Մըք Գովերնը, Քաթի Պորտերը, Դինա Տիտուսը և Բիլ Քասիդին։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակում է բազմաբնույթ աշխատանքներն ու համայնքային ճնշման ուժգնացումը՝ նպաստելու ԱՄՆ գործադիր իշխանության կողմից Արցախի ապաշրջափակմանը միտված կոնկրետ գործողությունների ձեռնարկմանը։

Տեսանյութեր

Լրահոս