Բաժիններ՝

Հինգ երկրներ կդառնան BRICS-ի նոր անդամներ. ԶԼՄ-ներ

Արգենտինան, Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան կդառնան BRICS միավորման (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավաֆրիկյան Հանրապետություն) նոր անդամներ: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է բրազիլական UOL հարթակի Ժնևյան թղթակից Ժամիլ Շադը՝ վկայակոչելով խմբի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի նախագիծը։

Ըստ լրագրողի տեղեկատվության` ընտրության հիմնական չափանիշներից մեկը եղել է աշխարհագրական գործոնը, որը պետք է ապահովի տարածաշրջանային հավասարակշռությունը միավորման ներսում։ Այդ սկզբունքներին համապատասխան, ինչպես գրում է Շադը, դիտարկվում է նաև դաշինքին աֆրիկյան մեկ այլ երկրի անդամակցումը։ Բացի այդ, ապագայում Բրազիլիայի իշխանությունները կցանկանային Ինդոնեզիան տեսնել միավորման կազմում, «սակայն Ջակարտան առայժմ պատրաստ չէ միանալու BRICS-ին», նշում է նա։

BRICS-ի գագաթնաժողովն անցկացվում է Յոհանեսբուրգում օգոստոսի 22-ից մինչև 24-ը։ Ավելի վաղ Հարավաֆրիկյան Հանրապետության արտաքին գործերի և համագործակցության նախարար Նալեդի Պանդորը հայտնել էր, որ BRICS-ի երկրների ղեկավարները համաձայնեցրել են փաստաթուղթ, որտեղ նշված են միավորում նոր անդամների ընդունման սկզբունքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս