Սյունիքում կառուցվող Խոտ-Որոտան ճանապարհի մի մասը սելավի տակ է մնացել. Sputnik Արմենիա
Սյունիքի մարզում կառուցվող Խոտ-Որոտան ճանապարհի մի մասը հուլիսի վերջին սելավի տակ է մնացել: Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է դեպքի վայրում։
Պարզվել է, որ հորդառատ անձրեւներից հետո փլուզում է գրանցվել. ժայռաքարը փլվել է ճանապարհի վրա, ինչի հետեւանքով ճանապարհի որոշ հատվածներ տուժել են: Մի հատվածը պարզապես ջրի հետ հոսել, գնացել է, մյուսները՝ արգելափակվել։
Փլուզումը տեղի է ունեցել գիշերը, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։
Արդյունքում Որոտան գյուղի, ինչպես նաեւ Բարձրավանի եւ Շուռնուխի բնակիչները երկու շաբաթվա ընթացքում ստիպված են եղել շրջանցիկ ճանապարհներն օգտագործել Գորիս հասնելու համար:
Շինարարները ստիպված են եղել տուժած հատվածներից մեկում ժայռը կտրել (ճանապարհը նախկին մակարդակից իջել է) եւ այդտեղ հողաթումբ պատրաստել։ Մնացած հատվածները մասամբ մաքրվել են քարերից եւ հողից։
Ճանապարհի երթեւեկությունը վերականգնվել է, սակայն նոր փլուզումների վտանգ կա։
Հիշեցնենք, որ Խոտ-Որոտան ճանապարհի վերակառուցման անհրաժեշտություն առաջացել էր Ադրբեջանի ներկայացուցիչների` Գորիս-Կապան մայրուղին փակելուց հետո: Այս ճանապարհը դարձել է Որոտան գյուղը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։