Հռչակագիրը ՀՀ գործող հիմնարար օրենքն է, որը բոլորը կարող են քննարկել, բայց ոչ պետության գլուխը․ Սուրեն Զոլյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «1990-ին ընդունված հռչակագրի տեքստի մշակմանն ու ընդունմանը մասնակցած ԳԽ պատգամավոր Սուրեն Զոլյանը չի ցանկանում բովանդակային քննարկման ենթարկել Փաշինյանի ուղերձի տողատակերը:

Նրան հիշեցնում է՝ հռչակագիրը, կարեւոր պատմական փաստաթուղթ լինելուց առաջ, ՀՀ գործող հիմնարար օրենքն է, իրավական ակտ, որը բոլորը կարող են քննարկել, բայց ոչ պետության գլուխը, որը պարտավոր է առաջնորդվել դրանով․

«Գիտեք՝ ոչ թե զարմանալի է, այլ անհավատալի, որ պետության գլուխն է այդ ուղերձի հեղինակը, նա պետք է հասկանա, որ ոչ թե խոսում է ինչ-որ գեղարվեստական-փիլիսոփայական տեքստի մասին, այլ պաշտոնական ընդունված սահմանադրական օրենքի ուժ ունեցող տեքստի։

Որպես լրագրող, իրավաբան, փիլիսոփա՝ Փաշինյանն իրավունք կունենար գնահատականներ հնչեցնելու, բայց որպես պաշտոնյա՝ պարտավոր է հետեւել Սահմանադրության թե՛ ոգուն, թե՛ բառին, հակառակ դեպքում, եթե ուզում է շեղվել, պետք է հրաժարական տա եւ հռչակագիրը քննարկի ոչ թե որպես վարչապետ, այլ, ասենք, հպարտ քաղաքացի, պատմափիլիսոփա եւ այլն»։

Փաշինյանի այսօրինակ պահվածքն ախտորոշում է մեր իշխանության ներկայիս վիճակը, Զոլյանի բնորոշմամբ՝ մենք ունենք կիսագրագետ գործիչներ, ոչ թե պետականամետ այրեր․ «Դուք հասկանո՞ւմ եք, որ խոսքն այն փաստաթղթի մասին է, որով պետությունն է ստեղծվել, նաեւ՝ վարչապետի պաշտոնը»։

Անդրադառնալով Սահմանադրության հիմք հանդիսացող հռչակագիրը փոխելու մասին խոսակցություններին՝ Զոլյանն ասաց․ «Եթե նա գա նման քայլի, նախ պիտի անվավեր ճանաչի Հայաստանի Հանրապետությունը, դա կլինի նորաստեղծ հանրապետության վերջնական արարը․․․ եւ, ի վերջո, արդեն կասկածներ է հարուցում՝ նման պետություն՝ նման վարչապետով, գոյության իրավունք ունի՞, թե՞ ոչ»։

Խոսելով այն մասին, որ, ըստ Փաշինյանի, հռչակագրում ամրագրված դրույթներն են մեզ մեր հարեւանների հետ անընդհատ կոնֆլիկտների մեջ պահել, Զոլյանն առաջարկեց վերլուծել տարածաշրջանային իրավիճակը վերջին տասնամյակներին. «Գոյություն ունի երկու ռազմավարական ծրագիր՝ պանօսմանիզմի, որի նպատակն է՝ վերականգնել Օսմանյան կայսրությունն ինչ-որ ձեւով․ մենք դա տեսնում ենք Իրաքի, Սիրիայի պարագայում, որոնք նման հռչակագիր չեն ընդունել, բայց ունեն պրոբլեմներ: Երկրորդ ծրագիրը, որը սկսել է գործել, Մեծ Ադրբեջանի ծրագիրն է, այսպես կոչված՝ հարավային, արեւմտյան, այդ թվում` այսօրվա Հայաստանը, որը դարձել է Արեւմտյան Ադրբեջան։

Այսինքն՝ Ադրբեջանն իր ռազմավարական ծրագիրն է իրականացնում եւ ուզում է, որ Հայաստանը չեղարկի իր Անկախության հռչակագիրը, հակաանկախության հռչակագիր ընդունի, այդ ծրագրում Հայաստանի համար տեղ չկա։ Բայց դա չի նշանակում, որ մենք՝ ուզենք-չուզենք, պետք է ենթարկվենք այդ ծրագրին, քանի որ գոյություն ունեն ազդեցիկ ուժեր, որոնք եւս դեմ են այդ ծրագրին, դա Հնդկաստանն է, արաբական աշխարհը եւ այլն։

Այսինքն՝ մենք պետք է հասկանանք, որ ինչքան էլ բարեգործական բեռներ ուղարկենք Թուրքիա, չենք կարող չեղարկել պանօսմանիզմի ծրագիրը, ոչ էլ՝ Մեծ Ադրբեջանի։ Ուրեմն պետք է դառնալ հուսալի դաշնակից այն ուժերի համար, որոնք դեմ են այդ ծրագրերին։ Առանց հասկանալու, որ մենք ոչ թե մեր հռչակագրով ենք հռչակված թշնամի, այլ ինչ-ինչ ռազմավարական ծրագրերի պատճառով, պարզապես զավեշտ է նման ուղերձ հղելը»։

Տեսանյութեր

Լրահոս