«Հայաստանում շատ մեծ է աղետների ռիսկը». 2 մլն 667.000 դրամ դրամաշնորհ՝ Գեղարքունիքի երիտասարդների անձնական անվտանգության հմտությունները բարձրացնելու համար
Օրերս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դրամաշնորհ է հատկացրել «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանը՝ «Երիտասարդության շրջանում բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացում, առկա հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության տարածում, առաջին օգնության ցուցաբերման հմտությունների վերաբերյալ գործնական և տեսական դասընթացների, վարժանքների կազմակերպում, համանման նախաձեռնությունների խրախուսում» միջոցառման շրջանակներում:
Պայմանագրի գինը կազմել է 2 միլիոն 667.600 դրամ:
«Առաջարկվող ծրագրի նպատակն է զարգացնել Գեղարքունիքի մարզի 16 տարեկանից բարձր տարիքի ընդհանուր թվով 60 երիտասարդների՝ առաջին օգնության և անձնական անվտանգության հմտությունները՝ 6-օրյա տեսական և գործնական ուսուցումների միջոցով:
Ուսուցումներն իրականացվելու են միջազգային ստանդարտներին համապատասխան օրինակելի պլանի հիման վրա, որը ներկայացված է այս ծրագրին կից: Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական մասերից: Գործնական մասում իրականացվելու է վարժանք իրականին մոտ պայմաններում, ինչի կազմակերպման համար առկա է անհրաժեշտ նյութատեխնիկական բազա,- նշվում է պայմանագրում ներառված համառոտագրում՝ հիշեցմամբ, – Գաղտնիք չէ, որ Հայաստանում շատ մեծ է աղետների ռիսկը՝ պայմանավորված ինչպես սեյսմիկ անկայուն տարածաշրջանում գտնվելու, այնպես էլ ամեն օր սպառնացող պատերազմական իրավիճակի հանգամանքներով: Միևնույն ժամանակ ոչ ոք ապահովագրված չէ ցանկացած պահի հնարավոր պատահարների ոիսկից: Գաղտնիք չէ նաև, որ տուժածների մեծամասնությունը փրկվում են պատահարի պահին դեպքի վայրում գտնվող մարդկանց հմուտ գործողությունների արդյունքում:
Հետևաբար առաջին օգնության և անձնական անվտանգության հմտությունները կարևոր են ցանկացած մարդու համար: Բնականաբար, բավարար չեն միայն տեսական գիտելիքները: Նման հմտությունները զարգանում են գործնական պարապմունքների միջոցով:
2020թ. ամռանը մեր կողմից իրականացրած դասընթացների մասնակից երիտասարդները ոչ միայն իրենք կենդանի վերադարձան քառասունչորսօրյա պատերազմից, այլև իրենց հմտությունների շնորհիվ կարողացան փրկել բազմաթիվ կյանքեր»: