Սլաբո՞
Երբեմնի սուր ընդդիմադիր կեցվածքով հանդես եկող, սյունյաց ողջույններով Նիկոլ Փաշինյանին Սյունիքից ճամփող Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, փաստորեն, մեղմ ասած, դուր չեն եկել հասարակության մի հատվածի քննադատություններն իր հասցեին, երբ օրեր առաջ նույն այդ Նիկոլ Փաշինյանին նա ձեռքսեղմամբ դիմավորում էր Սյունիքում: Ավելին, նա սպառնում է պադյեզդներում քննադատություններ հնչեցնողների ծնոտներ ջարդել:
Այդպես է պատահում սովորաբար, երբ մարդու միտքը, հիշողությունը հետ է ընկնում բիլակներից, երբ մոռանում է, որ այն մարդուն, ում նա օրեր առաջ դիմավորում էր, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձ էր անվանում, սյունյաց ողջույններ կազմակերպում, և երկու տարի առաջ, անդրադառնալով նույն այդ մարդու կողմից Որոտանի և Շուռնուխի սահմանային հարցերի մասին ցավոտ իրավիճակների բերելու խոսքերին, հայտարարում էր`
«Նիկոլ Փաշինյանը կանխավ տեղյակ է եղել այս ամենին, ինչ այսօր կատարվում է, և պատահական չէր մեր ձերբակալությունները, պատահական չէր, այս կռվող տղերքին հանել խրամատից, հետ բերել, և այս, ինչը որ տեղի է ունենում, դա տվյալ անձի իմացությամբ է կատարվել, և երևի այսօր առիթ ունեն, թշնամուն նվիրատվություն էր»:
Ավելին, նույն Առուշը վստահեցնում էր, որ միայն Նիկոլի հրաժարականը, ինչպես նաև նոր իշխանության ձևավորումը հնարավորություն կտան լուծելու առկա խնդիրները:
Հիմա նույն Առուշ Առուշանյանը, որը ասֆալտի հանքի սեփականատեր է, տանիքի թիթեղներ և պողպատյա գլանվածքներ արտադրող ընկերություն է աշխատեցնում, իշխանությունների թողտվությամբ տենդերներ է շահում, բիզնեսի հարցերը կարգավորել է, արդեն չի պահանջում նույն այդ Փաշինյանի հրաժարականը, այլ նրա հետ շրջում է Գորիս համայնքում, ներկայացնում կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով իրականացված և ընթացքում գտնվող աշխատանքներին, թույլ տալիս նրան Գորիսի պանթեոնում հարգանքի տուրք մատուցել հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին…
«Կապիկներ են, կապիկներից ուրիշ ինչ սպասել, կապիկներից ի՞նչ անհանգստություն»,-իր և Սյունիքի մյուս համայնքապետերի դեմ իշխանությունների ձեռնարկած քայլերի, հետապնդումների մասին ժամանակին ասում էր նույն Առուշ Առուշանյանը:
Մի քանի տեսանյութեր տեղադրենք` թարմացնելով նրա հիշողությունը և անդրադառնանք նրա վերջին` ծնոտներ ջարդելու մասին հայտարարություններին:
Կարծում ենք` դեռ այսքանը բավական է:
Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանին Գորիսում նման կերպ դիմավորելուց հետո, բնականաբար, շատերը մեծ հիասթափություն ապրեցին, քննադատություններ հնչեցրին առ այն, որ երբեմնի ամենասուր, ոչ կոռեկտ բառապաշարով Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի մասին արտահայտվող Առուշ Առուշանյանն այսօր նման կերպ է դիմավորում Արցախը, Սյունիքը հանձնողին, Գորիս-Կապան ճանապարհը ադրբեջանական համարող և ադրբեջանական ոստիկանության կետ տեղադրողին, Իշխանասարի մասին` «ընդամենը մի սար է, որի վրա ամբողջ տարին ձյուն է նստած, հո դրա համար պատերազմ չե՞նք անելու» ասող իշխանական ոհմակի պարագլխին:
Հիմա նույն, Գորիսի քաղաքապետ Առուշանյանն արդեն ասում է` Գորիսում 6 միլիարդ դրամի շինարարություն է կատարում, որից 3 միլիարդը կառավարությունն է տալիս, Փաշինյանը եկել էր ստուգելու աշխատանքները:
Ավելին, նա հայտարարում է, թե Փաշինյանի դեմ իր պայքարը քաղաքական չէր, այլ Արցախի համար էր: Իսկ Արցախի համար պայքարն ինչ է, եթե ոչ քաղաքական: Ի՞նչ էր` ազգային խոհանոցի բաղադրատոմսերը պահպանելու, թե՞ բնապահպանական, մթնոլորտի աղտոտվածության դեմ պայքար էր, որին նա մասնակցում էր ու վռնդում նրան Սյունիքից` կոնկրետ բառապաշարով ողջույններով, իր և գործընկերների դեմ այս իշխանությունների ձեռնարկած քայլերն էլ անվանում քաղաքական հետապնդում:
Լավ, իսկ եթե Արցախի համար էր իր պայքարը, ապա ինչպե՞ս է սեղմում ձեռքը, դիմավորում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի, որը հայտարարում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ` Արցախը և Հայաստանից այլ տարածքներ: Ինչպե՞ս է Արցախի համար պայքարողը սեղմում Արցախը հանձնողի, ինչպես ինքն էր բնորոշում` կապիկություն անող իշխանության ձեռքը: Արդյո՞ք տեղին չեն մարդկանց հիասթափությունները, քննադատությունները: Մտածելու փոխարեն` պատկերազարդ մարմնով, դաջվածքները, բիլակները ցուցադրելով` հիմա նա սպառնում է.
«Բազմիցս ասել եմ՝ ես պայքարում եմ Արցախի համար, Արցախի լինելիության համար, ուղղակի մոդա է դառել ֆեյսբուքում ստատուսներ գրել ու ոչ մեկ դրա համար չի պատժվում: Քննարկողների մասին մի քանի բան կասեմ, նախ առաջինը՝ ո՞վ են իրենք, որ պիտի այսօր որոշեն՝ ես ինչ պիտի անեմ, կամ չանեմ: Ոչ իրանց ապրած կյանքը, ոչ էլ իրենց կարգավիճակը, թույլ չեն տա, որ իրենք այսօր արտահայտվեն: Իրենք պատերազմի ժամանակ իրենց կնոջ փեշի տակ են թաքնվել, խորհուրդ կտամ՝ հեռու մնալ, եթե չեն ցանկանում իրենց ծնոտի հետ պրոբլեմ ունենալ, ոչ էլ իրենք այնքան կան, որ որոշեն՝ ես ինչ անեմ: Ես 30 հազար մարդու համար պատասխանատվություն եմ կրում եւ այդքան մարդ ինձ են վստահել, որ իրենց կյանքի որակը բարելավեմ»,- լրագրողի հետ զրույցում հայտարարում է նա:
Ավելին, հիմա արդեն Առուշ Առուշանյանը հայտարարում է` ժողովուրդն է ընտրել Փաշինյանին, և տարօրինակ է, թե ինչու են հիմա իրեն քննադատում:
Առուշ Առուշանյան, Նիկոլն էլ է նույնը ասում` ինձ ժողովուրդն է ընտրել, ինչ կուզեմ` կբանակցեմ, ինչը կուզեմ կհանձնեմ…
Առուշանյանը հեռուն է գնում ու կարծիք արտահայտում, որ այդ քննադատությունների պատճառն այն է, որ վատ է` ֆեյսբուքում գրառումների համար մարդիկ չեն պատժվում: Ինչպես հայտնի անեկդոտում է ասվում` մի կատու էլ դու կանչիր:
Այո, որևէ մեկը չի քննարկում, կասկածի չի ենթարկում, որ դիրքերում Առուշ Առուշանյանը աշխատանքներ է տանում, որ պատերազմի կամ սահմանային որևէ լարվածության ժամանակ ռազմի դաշտում, դիրքերում է լինում իր գործողություններով, բայց որևէ մեկին, այդ թվում իրեն դա իրավունք չի վերապահում` կանխելու քննադատությունները` և իր, թեկուզև բիզնես հնարավորությունների ընդլայնմամբ, տենդերներով պայմանավորված` քաղաքական փոխակերպումների, հռետորաբանության կտրուկ փոփոխությունների մասին արձանագրելու կամ որևէ մեկի ծնոտը ջարդելու մասին տղայական հայտարարություններ անելու:
Քաղաքականությունը դաջվածքներով տղայականության, բիլակների, մուրճեր ճոճելու, հոխորտանքների ցուցադրության հրապարակ չէ: Քաղաքականությունը սկզբունքներին հավատարմություն է պահանջում և սթափ գլուխ: Եվ, ամենակարևորը, գուցե պետք է ժամանակ առ ժամանակ հիշեցնել նաև, թե այդ կարգավիճակը երբ և ում շնորհիվ է նա ժամանակին ձեռք բերել: Եվ այդ կարգավիճակը չի տրվել այն չարաշահելու կամ այլ նպատակներով գործածելու համար:
Հ.Գ. Ի դեպ, չնայած այս ամենին, անհեթեթ ենք համարում քննարկել այն մեկնաբանությունները, ըստ որոնց` Առուշ Առուշանյանը խոնարհվել էր Փաշինյանին բարևելիս: Նախ, Առուշանյանը բարձրահասակ է, Փաշինյանը` կարճահասակ, կուզ մեջքով, երկրորդը, եթե նկատել էիք, Փաշինյանը կոստյումի տակից զրահաբաճկոնով էր, որն արտահայտվել էր նաև լուսանկարում:
Բայց դա էլ մի կողմ, ժամանակին Նիկոլին դավաճան անվանող Առուշ Առուշանյան, արդյոք քաղաքացին ճիշտ հարց չէ քեզ ուղղում` «ծնոտը դնենք մի կողմ, Առուշ ջան, հլը ասա, ապեր, ի վերջո, Նիկոլը ի՞նչ ա քո համար՝ դավաճա՞ն, թշնամի՞, թե՞ մեծարգո վարչապետ, հը՞, ապեր»: Արցախցիները և գորիսեցիները նման իրավիճակների համար մի լավ խոսք ունեն` «Պրանենք էտ ապրածը»: